Հայաստանյան վեց բանկեր և ներդրումային կառույցներ 300 մլն դոլարի սինդիկացված վարկ կտրամադրեն «Firebird AI» ընկերությանը՝ երկրում արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն հիմնելու համար։ Այս մասին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ սա ներդրում է ոչ միայն «Firebird AI» ընկերության, այլև Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի, նորարարության, գիտության և տնտեսության զարգացման մեջ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ ընդգծելով, որ այս մեգանախագիծը բխում է 2025-ին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես, արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտներում երկկողմ փոխըմբռնման հուշագրից։
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս նախագիծը գալիս է կյանքի կոչելու վերոնշյալ հուշագիրը և այդպիսով ապահովելու կոնկրետ կիրառական արդյունքներ մեր պետության համար՝ շնորհիվ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների գործուն աջակցության, ընկերության հիմնադիրների գործադրած ջանքերի, ինչպես նաև հայաստանյան ֆինանսաբանկային համայնքի ներդրումների շնորհիվ։
Գործարքը սահմանում է նոր գործնական վարկավորման ձևաչափ Հայաստանի ֆինանսական շուկայում՝ դառնալով ամենախոշորը թե՛ ֆինանսավորման ծավալով, թե՛ ներդրումների մասշտաբով։ Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։
Ծրագրի առաջին փուլի ընդհանուր ներդրման ծավալը կազմում է մոտ 450 մլն ԱՄՆ դոլար, որի զգալի մասը ապահովվում է վեց ֆինանսական կառույցների («Արդշինբանկ», «Ակբա բանկ», «Էվոկաբանկ», «Ֆասթբանկ», «C-Quadrat Ampega Asset Management Armenia» և «Amundi-ACBA Asset Management») համատեղ ֆինանսավորման միջոցով։
The post «Firebird AI»-ը 300 մլն դոլարի սինդիկացված վարկ կստանա՝ նոր կենտրոն հիմնելու համար appeared first on CIVILNET.