«Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում»․ Վահե Դավթյան (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստան-Հայաստան գազամուղի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը ներկայացնել որպես «տեխնիկական հարց»՝ նշանակում է գիտակցաբար նվազեցնել խնդրի իրական խորությունը։ Իրականում սա երկար տարիներ կուտակված, բայց համակարգային մակարդակում չլուծված ռիսկերի դրսևորում է։
     Խնդրի ակունքները գալիս են 1990-ականներից, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այս բարդ հանգույցը վերածվեց ականապատված գոտու։ Այդ ժամանակից ի վեր գազատարի մի հատված փաստացի դուրս է մնացել լիարժեք շահագործման ռեժիմից․ անհնար է ոչ միայն դրա կայուն տեխնիկական սպասարկումը, այլև մշտական վերահսկողությունը:
     Այժմ առաջարկվում է կառուցել շուրջ 5548 մետր երկարությամբ նոր հատված՝ վտանգավոր գոտին շրջանցելու համար։ Վրաստանը կառուցում է իր հատվածը, Հայաստանը՝ իր։
     Խոսքը մեր էներգետիկ համակարգի ողնաշարի մասին է։ Հայաստանը տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ բնական գազ է ստանում Վրաստանի տարածքով՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» երթուղով, որը միանում է «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» գազատարին։ Եվ հենց այս միացման հանգույցում է ձևավորվում այն խոցելիությունը, որը այսօր ստիպում է վերակառուցել լոգիստիկան:
     Սահմանազատման գործընթացն այս պատկերը ոչ թե պարզեցրել է, այլ՝ սրել։ Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում, իսկ առանձին հատվածներ՝ փաստացի անցել են հակառակորդի ուղիղ հասանելիության տիրույթ։
     Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը գալիս է Երևանից։ Ստացվում է՝ պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան։ Սա արդեն քաղաքական ընտրություն է՝ ռիսկի կառավարում (ժամանակավոր), այլ ոչ թե դրա չեզոքացում։
     Մի տեսակ չի տեղավորվում խաղաղության հաստատման մասին բանեցվող հռետորական գծի մեջ»:

Leave a comment