Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Կատարի «Ռաս Լաֆան» արդյունաբերական քաղաքին, որը երկրի գլխավոր գազային հանգույցն է։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել, որ գազային համալիրը լուրջ վնասներ է կրել բռնկված հրդեհների պատճառով։ «QatarEnergy» ընկերությունը հաստատել է, որ թիրախավորվել են նաև այլ գազային օբյեկտներ, սակայն աշխատակիցների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Այս հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանը սպառնացել էր հարվածել Պարսից ծոցի նավթագազային ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իսրայելի կողմից իրանական «Հարավային Փարս» հանքավայրի ռմբակոծման։ Իրանի թիրախների ցանկում են հայտնվել նաև Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների էներգետիկ համալիրները։ Որպես պատասխան՝ Կատարի իշխանությունները երկրից վտարել են Իրանի դեսպանատան ռազմական կցորդներին և նրանց անձնակազմին։
Մարտի 2-ից Կատարը պաշտոնապես դադարեցրել էր հեղուկացված բնական գազի (ՀԲԳ/LNG) արտադրությունը։ Պատճառը «Ռաս Լաֆան» համալիրի և «Մեսայեդ» արդյունաբերական քաղաքի էլեկտրակայանի ջրի բաքի վրա կատարված հարձակումներն են։ «Ռաս Լաֆանը» աշխարհի խոշորագույն գազային հանգույցն է, որն ապահովում է համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը և առանցքային դեր ունի Ասիայի ու Եվրոպայի էներգետիկ շուկաների հավասարակշռման հարցում։
Իսրայելի կողմից թիրախավորված Հարավային Փարս հանքավայրն ու Ասալույե արդյունաբերական գոտին Իրանի էներգետիկ անվտանգության և տնտեսության համար ունեն կենսական նշանակություն, քանի որ դրանք հանդիսանում են երկրի վառելիքային և արտարժութային հիմնական աղբյուրները
Հարավային Փարսը համարվում է աշխարհի խոշորագույն գազի հանքավայրը, որի իրանական հատվածն ապահովում է երկրի ներքին գազ սպառման ավելի քան յոթանասուն տոկոսը և հանդիսանում է էլեկտրաէներգիայի արտադրության գլխավոր հիմքը
Ասալույեի հսկայական համալիրը ծառայում է որպես Հարավային Փարսից ստացվող հումքի վերամշակման կենտրոն, որտեղ տեղակայված են տասնյակ գազավերամշակման գործարաններ ու պետրոքիմիական հզորություններ․ որոնք արտադրում են երկրի արտահանման զգալի մասը կազմող քիմիական նյութերն ու վառելիքը
Այս օբյեկտների ռազմավարական կարևորությունը պայմանավորված է նրանով, որ ցանկացած տեխնիկական խափանում կամ արտաքին հարված կարող է հանգեցնել Իրանի ներքին էներգետիկ համակարգի կոլապսի և զրկել պետական բյուջեն եկամուտների առանցքային մասից, ինչն էլ դարձնում է դրանք խոցելի թիրախներ տարածաշրջանային հակամարտությունների ժամանակ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանը հարվածել է Կատարի գազային հանգույցներին. կան զգալի ավերածություններ appeared first on CIVILNET.