ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի «ամուր քաղաքական կառուցվածքը»․ Իրանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի «ամուր քաղաքական կառուցվածքը»։ Այս մասին հայտարարել է  Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում։ Նախարարը շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը հիմնված է կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտների վրա, այլ ոչ թե առանձին անհատների։

«Իհարկե, անհատները ազդեցիկ են, և յուրաքանչյուր ոք խաղում է իր դերը՝ ոմանք ավելի լավ, ոմանք ավելի վատ, ոմանք ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ պինդ կառույց է»,- ասել է Արաղչին։

Մատրի 18-ին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարությունը պաշտոնապես հաստատել է կառույցի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։

Ըստ Արաղչիի՝ որևէ անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի կարող խաթարել պետական համակարգի կայունությունը։ Որպես փաստարկ նա մատնանշել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը։ Նախարարը նշել է, որ չնայած համազգային մեծ կորստին, համակարգը շարունակել է իր աշխատանքը և անմիջապես ապահովել առաջնորդի փոխարինումը։

«Մենք չենք ունեցել որևէ մեկին, ով ավելի կարևոր լիներ, քան հենց առաջնորդը, և նույնիսկ առաջնորդը նահատակվեց, սակայն համակարգը շարունակեց իր աշխատանքը և անմիջապես ապահովեց փոխարինողին»,- ասել է արտաքին գործերի նախարարը։

Արտգործնախարարը հավելել է, որ նույն սկզբունքը գործում է նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի կամ ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյայի նահատակության դեպքում։ Նրա ձևակերպմամբ՝ Իրանի քաղաքական համակարգը չափազանց պինդ կառույց է, որն ընդունակ է վերականգնվել և շարունակել գործունեությունը նույնիսկ առանցքային դեմքերի կորստից հետո։

«Եթե երբևէ արտաքին գործերի նախարարը նահատակվի, ի վերջո կգտնվի մեկ ուրիշը՝ այդ պաշտոնը ստանձնելու համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական հարձակումների ընթացքում Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս զոհվել են։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի «ամուր քաղաքական կառուցվածքը»․ Իրանի ԱԳ նախարար appeared first on CIVILNET.

Leave a comment