Միջազգային ծովային կազմակերպությունում կասկածով են վերաբերվում Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցմանը

Հորմուզի նեղուցում ռազմական ուղեկցությունը չի կարող լիովին երաշխավորել նավերի անվտանգությունը, Financial Times-ին ասել է Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։

«Սա նվազեցնում է ռիսկը, բայց ռիսկը միևնույն է մնում է։ Առևտրային նավերը և ծովագնացները կարող են տուժել», – նշել է նա։

Դոմինգեսը համոզված է, որ ռազմական աջակցությունը «երկարաժամկետ կամ կայուն լուծում չէ» նեղուցով ազատ անցումն ապահովելու համար։

ՄԾԿ ղեկավարի խոսքով՝ խնդրի մի մասը կապված է նեղուցի աշխարհագրության հետ․ ամենանեղ հատվածում այն ունի 33 կմ լայնություն, սակայն յուրաքանչյուր ուղղությամբ խորը ջրային նավարկության գոտիների ընդհանուր լայնությունը կազմում է ընդամենը երկու ծովային մղոն (մոտ 4 կմ)։ Բացի այդ, իրանական կողմից Հորմուզի նեղուցը սահմանափակված է լեռներով, ինչը հնարավորութուն է տալիս այնտեղից գրեթե առանց նախազգուշացման հարվածներ հասցնել նավերին։

Պաշտոնյան հավելել է, որ կան նաև մտահոգություններ նավերի խցանման վերաբերյալ, որոնք կարող են մնալ առանց սննդի և անձնակազմի համար անհրաժեշտ պաշարների։

«Նավահանգիստների հասանելիությունը նույնպես սահմանափակված է, քանի որ նավահանգստային ենթակառուցվածքը դառնում է հարվածների թիրախ։ Ինչ-որ պահի կառաջանա պաշարների՝ սննդի, ջրի և վառելիքի պակաս, որոնք անհրաժեշտ են նավերի շահագործումը շարունակելու համար», – ասել է Դոմինգեսը։

Դոմինգեսը կոչ է արել նավատերերին և նավատրանսպորտային ընկերություններին «չդուրս գալ ծով և չվտանգել ծովագնացներին ու նավերը… անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը մինչև այն պահը, երբ նավատերերը կամ օպերատորները ընդհանրապես կգնան նման ռիսկի»։

Leave a comment