Պաշտպան․ Խաչատրյանը լոգանք ընդունելու, սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը լոգանք ընդունելու և սանհանգույցից ինքնուրույն օգտվելու հնարավորություն չունի, հայտարարել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նա հավելել է, որ քրեակատարողական հիմնարկում այդ պայմանները հնարավոր չէ ապահովել, հայտնում է Panorama.am-ը:

«Չկան նման հարմարություններ։ Բերել են հաշմանդամների համար սայլակ, բայց դրա վրա պետք է հնարավոր լինի նստել, դրանից օգտվել, դրա հնարավորությունն առկա չէ»,- ասել է փաստաբանը։

Նա նաև հայտնել է, որ Խաչատրյանի համար խնամակալ է նշանակվել, որն օրական երեք անգամ այցելում է նրան։

Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը միջնորդել է թույլատրել, որպեսզի Խաչատրյանին բուժող բժիշկն իր միջոցներով այցելի քրեակատարողական հիմնարկ և զննի նրան։

«Սա կալանավորված մեղադրյալի իրավունքն է։ Մոտ մեկ շաբաթ ոչ մի արձագանք, պատասխան չկա։ Հարց է ծագում՝ ինչու թույլ չեն տալիս իրեն բուժող բժիշկն այցելի ՔԿՀ։ Բյուրոկրատիզմի հետևից են ընկել, ձևականություն»,-ասել է նա:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում»։

Դրանից հետո դատարանի որոշմամբ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին երկու ամսով կալանավորվել է և այժմ պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Leave a comment