Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի ազատումը կառավարման խնդրով է պայմանավորված․ պարզաբանել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե Գզոյանի ազատուման պատճառը հուշահամալիրի շինարարական խնդիրներն են եղել։
Մարտի 17-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով թանգարանի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի կողմից ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին պետական քաղաքականությանը չհամապատասխանող գիրք նվիրելու հարցին՝ նախարարը նշել է. «Եթե դուք մի բառը կապեք մյուսին, կհասկանաք նաև իմ նկարագրած խնդրի էությունը։ Մենք խոսում ենք ղեկավար անձի կողմից կառավարման հարցերի մասին։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, և այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը»։
Փետրվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ուղեկցել էր Գզոյանը։ Նա Վենսին Արցախի հիմնախնդրի մասին գիրք էր փոխանցել և ներկայացրել էր ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված խաչքարերը։
Վարչապետ Փաշինյանը Գզոյանի այս քայլը համարել է Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությանը հակասող և սադրիչ գործողություն։
Գզոյանը վարչապետի ցուցումով հրաժարականի դիմում է գրել։
Անդրեասյանը հստակեցրել է, որ նախօրեին ինստիտուտի անձնակազմի հետ հանդիպմանը չի մատնանշել շինարարական գործոնը որպես հեռացման պատճառ։
«Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ առավել շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով և շարունակում եմ հենց այդ տեսանկյունից էլ։ Կառավարումը կոնկրետ օղակ է, կառավարումը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ իր դիրքից տեսանելի են շատ ավելի մանրամասն խնդիրներ։
Գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Էդիտա Գզոյանին բարձր է գնահատում որպես գիտնական և նա կարող է շարունակել իր հետազոտական գործունեությունը թանգարան-ինստիտուտում, սակայն տնօրենի պաշտոնում վերականգնվելու հարց չկա։ Ինչ վերաբերում է Արցախի բաժնի հնարավոր փակմանը, Անդրեասյանը վստահեցրել է, որ աշխատակիցների գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ բան չի փոխվում, և նրանք պետք է վերադառնան իրենց բնականոն աշխատանքին։
The post Կառավարման խնդրով է պայմանավորված․ ԿԳՄՍ նախարարը՝ ՀՑԹԻ տնօրենի ազատման մասին appeared first on CIVILNET.