ԱՄՆ դաշնակիցները պատրաստ չեն աջակցել Վաշինգտոնի նախաձեռնությանը՝ ստեղծելու Հորմուզի նեղուցի բացման համար կոալիցիա. հաղորդում է Axios-ը՝ հղում անելով դիվանագիտական բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Սպիտակ տունը փորձում է գործողությանը ներգրավել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Ավստրալիային, Կանադային, Պարսից ծոցի երկրներին և Հորդանանին, ինչպես նաև Ճապոնիային և Հարավային Կորեային։ Սակայն գործընկերների արձագանքները տատանվում են կասկածամտությունից մինչև բացարձակ մերժում։
«Սա լիակատար խառնաշփոթ է։ Շատերը շփոթված են»,- ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը։
Պարբերականը գրում է, որ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան արդեն հրաժարվել են իրենց նավերն ուղարկելուց։ Մեծ Բրիտանիան, ընդհակառակը, պատրաստ է մասնակցել, մինչդեռ Ֆրանսիայի դիրքորոշումը մնում է անորոշ։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեռևս վերջնական համաձայնություն չի տվել։