«Արդյո՞ք պետական միջոցները ծախսվում են այնպիսի արդյունավետությամբ, որը համապատասխանում է միջազգային փորձին». Անուշ Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անպտղության հաղթահարման ծրագիր․ արդյունավետությո՞ւն, թե՞ չարդարացված սպասումներ.
     Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի՝ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում սպասարկվել է 7 722 շահառու, և ծնվել է 561 երեխա։ Սա նշանակում է, որ ծրագրից օգտված յուրաքանչյուր 100 շահառուից մոտ 7-ի դեպքում է արձանագրվել ծնունդ։
     Միևնույն ժամանակ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառման դեպքում մեկ բուժական ցիկլից ծնունդների միջին ցուցանիշը կազմում է մոտ 20–30 տոկոս, իսկ մի քանի փորձերի դեպքում կարող է հասնել 40–60 տոկոսի։
     Այս պայմաններում առաջանում են մի շարք կարևոր հարցեր․
     ինչո՞ւ է ծրագրի վերջնական արդյունքն էականորեն ցածր միջազգային միջին ցուցանիշներից, որքանո՞վ է ծրագիրը արդյունավետ կազմակերպված, ինչպե՞ս են ընտրվում շահառուները և ի՞նչ բուժական մեթոդներ են կիրառվում, արդյո՞ք պետական միջոցները ծախսվում են այնպիսի արդյունավետությամբ, որը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին։
     Երբ հազարավոր ընտանիքներ հույս են կապում այս ծրագրի հետ, պետությունը պարտավոր է ներկայացնել ոչ միայն թվեր, այլև դրանց արդյունավետության հստակ, թափանցիկ և մասնագիտական գնահատական»։

Leave a comment