«Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի»-ն՝ լավագույն վավերագրական ֆիլմ. հայտնի են Օսկար 2026-ի հաղթողները

Քաղաքականություն

16.03.2026 | 11:13

Փոլ Թոմաս Անդերսոնի «Մեկ մարտ մյուսից հետո» (One Battle After Another) ֆիլմն  արժանացել է Օսկար մրցանակի լավագույն ֆիլմ անվանակարգում։ 98-րդ Օսկար մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսի  Dolby Theatre-ում մարտի 15-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոլ Թոմաս Անդերսոնն արժանացել է երկու Օսկարի՝ ռեժիսորի և լավագույն ադապտացված սցենարի համար։ Շոն Փենն արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակին։ Ֆիլմը նաև առաջադրվել է նոր անվանակարգում՝ դերասանական կազմի ընտրության համար։ Հաղթել նաև «Լավագույն մոնտաժ» անվանակարգում։  Ֆիլմն ընդհանուր արժանացել է վեց Օսկարի։

Անդերսոնի ֆիլմը, որի գլխավոր դերերում են Լեոնարդո ԴիԿապրիոն, Շոն Փենը, Բենիսիո դել Տորոն և Թեյանա Թեյլորը, պատմում է Միացյալ Նահանգներում ձախակողմյան արմատական ​​խմբավորման անդամների կյանքի մասին։

Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորներ») և Ջեսի Բաքլին («Համլետ. Համլետի պատմությունը») համապատասխանաբար հաղթեցին  «Լավագույն դերասան» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում։ Ռայան Քուգլերի «Մեղավորներ» (Sinners) սարսափ ֆիլմը,որի պրոդյուսերներից է  նաև  ամերիկահայ Սև Օհանյանը, մրցանակի է արժանացել «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ Ֆիլմն ընդհանուր չորս Օսկարի է արժանացել։

Էմի Մեդիգանը («Զենքեր») հաղթել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

«K-Pop Demon Hunters» (2025) ֆանտաստիկ անիմացիոն ֆիլմն արժանացել է երկու Օսկար մրցանակի («Լավագույն անիմացիոն ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերում)։

Պավել Տալանկինի և Դեյվիդ Բորենշտեյնի «Պարոն ոչ ոքն ընդդեմ Պուտինի» (2025) ֆիլմը, որը պատմում է ռուսական դպրոցներում պատերազմական քարոզչության մասին, արժանացել է Օսկար մրցանակի որպես լավագույն վավերագրական ֆիլմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment