Վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկը։
Հաղորդագորթւայն մեջ նշվում է, որ զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։
Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ՝ խնդրելով.
- միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing)
- ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը
Eթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և հաշվեհամարներին, ինչը կարող է հանգեցնել ֆինանսական միջոցների կորստի։
Կենտրոնական բանկը կրկին զգուշացնում է քաղաքացիներին.
- Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing։
- Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։
- Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։
Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին լինել առավել զգոն և զգուշավոր, քանի որ նման խարդախ սխեմաների հիմնական նպատակը քաղաքացիների անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները հափշտակելն է։
The post ԿԲ-ն զգուշացնում է հեռախոսային զեղծարարության աճի մասին appeared first on CIVILNET.