ՌԴ-ն Ադրբեջանով մարդասիրական օգնություն է ուղարկում Իրանին

Քաղաքականություն

12.03.2026 | 21:53

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մարդասիրական օգնություն տեղափոխող Իլ-76 հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լանքարանի միջազգային օդանավակայանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանի համար նախատեսված ավելի քան 13 տոննա մարդասիրական օգնությունը բաղկացած է դեղորայքից և բժշկական պարագաներից։ Մարդասիրական օգնությունը տեղափոխող մեքենաներն ուղևորվում են Աստարայի սահմանային անցակետ՝ Իրան հետագա տեղափոխման համար։

Մոսկվան շնորհակալ է Բաքվին՝ Իրանին մարդասիրական օգնություն հասցնելու գործում ցուցաբերած արագ օգնության համար, լրագրողներին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Դիվանագետի խոսքով՝ ռուսական մարդասիրական օգնության մատակարարման հարցը քննարկվել է նախորդ օրը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

«Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին՝ ընդունել ինքնաթիռը։ Հարցումը դիտարկվել է, որոշումը Իլհամ Ալիևի կողմից կայացվել է մեկ ժամվա ընթացքում։ Շնորհակալություն ադրբեջանական կողմին»,- ասել է Եվդոկիմովը։

Ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին օրերին Ադրբեջանն օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին էլ լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն։

«Սա բխում է դժվարին ժամանակներում միմյանց օգնելու մեր ընդհանուր մշակույթից»,- նշել է դիվանագետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment