Իրանի դեմ պատերազմը կարող է էապես փոխել Հարավային Կովկասը

Ներկայացնում ենք Newsweek ամսագրի կայքի «Կարծիքներ» բաժնում հրապարակված Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի The War With Iran Is Reaching Places You Might Not Expect հոդվածի հայերեն թարգմանությունը:
Գրիգոր Հովհաննիսյան
Իրանի հետ առճակատման համատեքստում աշխարհի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է առավել ակնհայտ ուղղությունների վրա՝ Իսրայելի եւ Պարսից ծոցի արաբական այն պետությունների, որոնք գտնվում են Թեհրանի հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի հասանելիության սահմաններում։
Սակայն պատերազմները հազվադեպ են սահմանափակվում մեդիայի լուսաբանման «կոկիկ» աշխարհագրության մեջ։ Դրանց հետեւանքները սովորաբար շատ ավելի լայն տարածում ունեն։ Դա պատկերացնելու ամենահեշտ ձեւերից մեկը համաշխարհային օդային երթեւեկության քարտեզին նայելն է։
Եվրոպայի եւ Ասիայի միջեւ իրականացվող թռիչքները ժամանակին անցնում էին Ռուսաստանի օդային տարածքով կամ Մերձավոր Արեւելքի լայն հատվածներով։ Այսօր այդ երթուղիներից շատերը փակ են, սահմանափակված կամ համարվում են չափազանց ռիսկային։ Ռուսաստանի օդային տարածքը մեծ մասամբ փակ է մնացել Ուկրաինա ներխուժումից հետո, իսկ Մերձավոր Արեւելքի որոշ հատվածներում անվտանգության նոր մտահոգություններ են առաջացել Իրանի շուրջ աճող լարվածության պատճառով։
Այս պայմաններում ավիաընկերությունները սկսել են թռիչքներ իրականացնել երկնքի համեմատաբար նեղ միջանցքով՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վրայով։ Սրանք այն երկրներն են, որոնք հազվադեպ են հայտնվում ամերիկյան ռազմավարական մտածողության ուշադրության կենտրոնում։
Այն, ինչ ժամանակին համարվում էր համեմատաբար հանգիստ օդային տարածք, այժմ դարձել է Եվրոպան եւ Ասիան կապող ամենածանրաբեռնված օդային միջանցքներից մեկը։ Ավիացիոն պլանավորողները այն հաճախ անվանում են «կովկասյան միջանցք»։ Օդային երթեւեկության տվյալները հստակ ցույց են տալիս այս տեղաշարժը։
Այդ օդային միջանցքի տակ գտնվող երկրների համար գլխավերեւում հանկարծակի առաջացած գերծանրաբեռնվածությունը ոչ թե պարզապես առեւտրային հնարավորություն է, այլ հիշեցում աշխարհագրության մասին։ Երբ մեծ տերությունները բախվում են, դրանց հարեւան փոքր պետությունները սովորաբար առաջինն են զգում հետեւանքները։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տասնամյակներ տեւած թշնամանքից հետո տարածաշրջանը կարծես մոտենում էր մի փուլին, որը, ինչպես հույս էին փայփայում շատ դիվանագետներ, կարող էր փխրուն կարգավորում ապահովել։ Վաշինգտոնը եւ եվրոպական կառավարությունները վերջին երկու տարիներին ակտիվորեն խրախուսել են տնտեսական ինտեգրման եւ տարածաշրջանային տարանցման վրա հիմնված շրջանակի ձեւավորումը՝ առեւտրային ուղիներ, որոնք կարող են ավելի սերտորեն կապել Հարավային Կովկասը Եվրոպայի եւ Ասիայի շուկաների հետ։
Տրամաբանությունն այն է, որ եթե տարածաշրջանը վերածվի առեւտրի եւ ենթակառուցվածքների հուսալի կամրջի, ապա պատերազմի վերսկսման խթանները կնվազեն։ Սակայն Իրանի շուրջ առճակատումը նոր անորոշություններ է առաջացնում։
Մերձավոր Արեւելքի կառավարությունները հետեւում են ճգնաժամի զարգացմանը եւ իրենց եզրակացություններն են անում արտաքին անվտանգության երաշխիքների կայունության վերաբերյալ։ Ծոցի երկրները, որտեղ ամերիկյան ռազմական բազաներ կան, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումների են ենթարկվում։ Արդարացված է, թե ոչ, բայց տարածաշրջանային քաղաքական շրջանակներում շրջանառվում է այն կարծիքը, որ արտաքին պաշտպանությունն ունի իր սահմանները, եւ որ խոհեմ կառավարությունները պետք է հաշվարկեն դա:
Հարավային Կովկասում, որտեղ մրցակցությունը վաղուց ձեւավորվել է խոշոր տերությունների միջեւ փոփոխվող դաշինքների պայմաններում, արտաքին հեղինակության նույնիսկ փոքր փոփոխությունները կարող են ազդել տեղական քաղաքական հաշվարկների վրա։
Այս ամենում նոր բան չկա։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ խոշոր պատերազմները հազվադեպ են սահմանափակվում մի տարածքով։ Առեւտրային ուղիները փոխվում են, քանի որ ապահովագրական ընկերությունները բարձրացնում են ռիսկերի արժեքը, իսկ բեռները վերաուղղորդվում են այլ ճանապարհներով։ Սահմանային անցակետերում լարվածությունն աճում է, քանի որ կառավարությունները պատրաստվում են հնարավոր փախստականների տեղաշարժերին։ Անտառային եւ դժվարամատչելի տարածքներում կարող են արագ ընդլայնվել մաքսանենգության ցանցերը եւ անօրինական զենքի հոսքերը։
Կարող են լինել նաեւ պատահարներ՝ հրթիռների սխալ արձակում, անօդաչու թռչող սարքերի անկառավարելի թափառում, նավերի խորտակում, ինքնաթիռների սխալմամբ խոցում, թերի կամ սխալ հաղորդակցություն՝ այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Անկայուն հակամարտությունների պայմաններում աշխարհագրությունը հաճախ մոտակա երկրներին դարձնում է այնպիսի իրադարձությունների ակամա մասնակից, որոնք դուրս են նրանց վերահսկողությունից։
Բավարար է դիտարկել, թե ինչպես կարող է այս պատերազմը վերաձեւավորել իմ երկրի՝ Հայաստանի ռազմավարական հավասարակշռությունը։
Հայաստանի համար Իրանը վաղուց ի վեր եղել է անհարմար, բայց կարեւոր հարեւան։ Չնայած գաղափարական տարաձայնություններին՝ Թեհրանը որոշակի հակակշիռ է հանդիսացել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ աստիճանաբար խորացող ռազմավարական գործընկերությանը։ Իրանի ներկայությունը նպաստել է նրան, որ տարածաշրջանի քաղաքական դաշտում որեւէ դաշինք լիարժեք գերիշխանություն չստանա։
Միեւնույն ժամանակ, Իրանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերներից մեկն է եղել Արեւմուտքի հետ ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ Եթե ներկայիս հակամարտությունը էապես թուլացնի Թեհրանին, հետեւանքները կարող են զգացվել մի քանի ուղղություններով։ Թուլացած Իրանը կարող է վերացնել այն հավասարակշռող գործոնը, որը Հայաստանը կարեւոր է համարել, միաժամանակ սահմանափակելով հարավային ուղղությամբ  ազդեցություն տարածելու Ռուսաստանի հնարավորությունը։
Սակայն տարածաշրջանին, ի վերջո, պետք չէ Իսլամական Հանրապետության ռեժիմի հաղթանակը։ Այն ավելի շատ կարիք ունի բավականաչափ կայուն իրանական պետության, որը կարող է վերահսկել իր սահմանները եւ գործել որպես կանխատեսելի, նորմալ հարեւան։
Հնարավոր են զարգացման մի քանի տարբերակներ։ Իրանի ղեկավարությունը կարող է դիմակայել առճակատմանը, սակայն դրանից դուրս գալ զգալիորեն թուլացած՝ իր սահմանների երկայնքով երկարատեւ անորոշության շրջան ստեղծելով։ Ավելի երկարաժամկետ քաղաքական անցումը կարող է վերջիվերջո հանգեցնել հարեւանների հետ ավելի լայն տնտեսական ինտեգրման, թեեւ նման անցումները հազվադեպ են հարթ անցնում։
Ամենաանկայունացնող սցենարը կարող է հիշեցնել այն մասնատումը, որը տեղի ունեցավ Իրաքում կամ Սիրիայում պետական իշխանության փլուզումից հետո։ Նման պայմաններում աշխարհազորային խմբավորումները, պրոքսիները եւ հանցավոր ցանցերը հակված են ակտիվանալու, իսկ լեռնային սահմաններ վերահսկելը ավելի բարդ է լինելու։ 
Զավեշտալի է, սակայն ամենաքիչ դրամատիկ զարգացումը կարող է լինել նաեւ ամենակայունացնողը՝ թուլացած, բայց գործող իրանական պետություն, որը կկարողանա վերահսկել իր սահմանները եւ մասնակցել տարածաշրջանային առեւտրին՝ այլեւս որեւէ մեկին չսպառնալով։
Աշխարհագրությունն երաշխավորում է, որ Իրանը միշտ կձգտի ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում։ Հայաստանը հնարավորություն է տալիս դուրս գալ դեպի Եվրոպա եւ Ռուսաստան՝ շրջանցելով Թուրքիայից կախվածությունը։ Այդ պատճառով Իրանում ցանկացած կառավարություն՝ լինի հեղափոխական, թե ավելի պրագմատիկ, կունենա խթաններ՝ պահպանելու իր ներկայությունը։
Հայաստանի եւ նրա հարեւանների համար անմիջական մարտահրավերը անորոշության պայմաններում կողմնորոշվելն է՝ առանց կորցնելու տարածաշրջանային համագործակցության դեռեւս փխրուն ընթացքը։
Սա նշանակում է պաշտպանել ձեւավորվող տարանցիկ երթուղիների հիմքում ընկած ինքնիշխանության սկզբունքները՝ ապահովելով, որ կապի եւ հաղորդակցության զարգացումը տեղի չունենա իրավասության կամ իրավական վերահսկողության հաշվին։ Դա նաեւ նշանակում է հանգիստ, բայց նպատակային կերպով պատրաստվել հնարավոր փախստականների տեղաշարժերին եւ ամրապնդել սահմանային անվտանգությունը դժվարանցանելի տեղանքներում։
Միաժամանակ դա ենթադրում է արտաքին գործընկերների շարունակական ներգրավվածություն։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է նպաստել Հարավային Կովկասի կայունացմանը, տարածաշրջանային կապի ձեւավորվող շրջանակը չի կարող դիտվել որպես մեկանգամյա դիվանագիտական նախաձեռնություն։ Աշխարհաքաղաքական ցնցումները սովորաբար դառնում են այն փորձությունը, որի ժամանակ ստուգվում են նման պարտավորությունները։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չավարտված խաղաղ գործընթացը նույնպես պահանջում է զգույշ եւ հետեւողական աշխատանք։ Բաքվում պահվող հայ կալանավորների հարցը, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ճակատագիրը եւ իրավական երաշխիքների ձեւավորումը կարող են առաջին հայացքից տեխնիկական խնդիրներ թվալ, սակայն հենց դրանք են հանդիսանում ցանկացած համաձայնության հիմքը, որը կարող է դիմակայել արտաքին ճնշումներին։
Վերջիվերջո Իրանի շուրջ առճակատումն ավարտվելու է։ Եթե Իրանը դուրս գա այս ճգնաժամից թուլացած, բայց կայուն վիճակում եւ ժամանակի ընթացքում տարածաշրջանային առեւտրային ցանցերի լիարժեք մաս դառնա, ապա Հարավային Կովկասը կարող է վերածվել ռազմավարական կարեւորության տարածքի՝ Եվրոպան եւ Ասիան կապող կամուրջի, որը գործում է կանխատեսելի կանոնների եւ փոխադարձ տնտեսական շահերի հիման վրա։
Եթե անկայունությունը տարածվի դեպի հյուսիս, տարածաշրջանը կարող է հայտնվել երկարատեւ անկայունության գոտու եզրին։ Դա հետեւանքներ կունենա նաեւ Արեւմուտքի համար եւ կարող է խաթարել անցած տարվա օգոստոսին կնքված TRIPP համաձայնագիրը։
Տարածաշրջանը, որը ժամանակին կարող էր ծայրամաս թվալ, այժմ դարձել է աշխարհի ամենակարեւոր տարանցիկ ուղիներից մեկը՝ մի հակամարտության անմիջական հարեւանությամբ, որի հետեւանքները կարող են տարածվել շատ ավելի հեռու, քան այսօր հնարավոր է պատկերացնել։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment