Վրաստանում կստեղծվի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետնախարարի պաշտոն

Վրաստանում կստեղծվի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետնախարարի պաշտոն

Վրաստանի կառավարությունը կստեղծի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն, հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նշված պետնախարարի գործառույթը կիրականացնի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն։

«Վրաստանի կառավարության կառուցվածքում կստեղծվի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն։ Նշված պաշտոնը կզբաղեցնի Մամուկա Մդինարաձեն` փոխվարչապետի պաշտոնի համատեղությամբ։ Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարը պատասխանատու կլինի տարածաշրջաններում կառավարման արդյունավետության ապահովման համար»,- ասել է Կոբախիձեն։

Կառավարության որոշմամբ՝ համապատասխանաբար կլուծարվի Տարածաշրջանային զարգացման նախարարությունը։

«Տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի ապարատի ներդրման պայմաններում ըստ էության իր նշանակությունը կորցնում է Տարածաշրջանային զարգացման նախարարությունը և, համապատասխանաբար, սեպտեմբերին կլուծարվի։ Տարածաշրջանային զարգացման գործող նախարար Կախա Գուլեդանին կզբաղեցնի ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը»,- ասել է նա։

Leave a comment