Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում պատմական նոր փուլ է բացվել 2020-ին ուժի մեջ մտած՝ ԵՄ անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքով։ Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո։
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների ժամացույցը պարբերաբար համեմատվում է «դեմոկրատիայի տան» ժամացույցների հետ՝ համոզվելու համար, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ և արագությամբ է:
«Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ։ Եվ իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը շեշտել է ինտեգրացիոն գործընթացների կարևորությունը.
«Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2020-ին ընդունվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որով պատմական նոր փուլ է բացվում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական բարեփոխումների ընթացքը»:
The post Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում պատմական նոր փուլ է բացվել․ Փաշինյան appeared first on CIVILNET.