Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոն մարտի 10-ին Փարիզում կայացած հանդիպմանը հայտարարել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր:
«Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով համապատասխան ձևաչափով համաձայնագրի ստորագրման և ոլորոտում հետագա փոխգործակցության պատրաստակամությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի:
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
The post Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ավարտվել են միջուկային էներգիայի ոլորտում համաձայնագրի շուրջ բանակցությունները appeared first on CIVILNET.