Նավթի շուկան աղետալի հետևանքներ կունենա, եթե Հորմուզի նեղուցը չբացվի․ Saudi Aramco

Համաշխարհային նավթային շուկան կբախվի աղետալի հետևանքների, եթե Իրանը շարունակի փակել Հորմուզի նեղուցը, ասել է Saudi Aramco-ի գործադիր տնօրեն Ամին Նասերը, հայտնում է Reuters-ը։

«Եթե [մատակարարման] խափանումները շարունակվեն, համաշխարհային նավթային շուկայի համար հետևանքները կլինեն աղետալի։ Որքան երկար տևի հակամարտությունը, այնքան ավելի ծանր կլինի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա», – ասել է Նասերը։ 

Նա նշել է, որ խափանումն արդեն խաթարել է նավագնացության և ապահովագրության ոլորտները և սպառնում է «դոմինոյի էֆեկտ» առաջացնել ավիացիայի, գյուղատնտեսության, ավտոմոբիլային և այլ արդյունաբերություններում։

Նա նշել է, որ համաշխարհային նավթի պաշարներն արդեն հինգ տարվա ամենացածր մակարդակի վրա են, և ճգնաժամը կարագացնի դրանց սպառումը։

Saudi Aramco-ն Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունն է։ Այն կազմում է Սաուդյան Արաբիայի կառավարության եկամուտների մինչև 80%-ը։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Դահրանում։ Saudi Aramco-ն 2021-ի Forbes Global 2000 ցուցակում աշխարհի խոշորագույն ընկերությունների շարքում զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմը տարածվել է Հորմուզի նեղուցի վրա, որն աշխարհի ամենակարևոր էներգետիկ հանգույցներից է, ինչը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի։

Նեղուցով բեռնափոխադրումները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային սպառվող նավթի մեկ հինգերորդը և գազի հսկայական քանակություն, գրեթե դադարեցվել են տարածաշրջանում նավթատար տանկերների վրա իրանական հարձակումների պատճառով։

The post Նավթի շուկան աղետալի հետևանքներ կունենա, եթե Հորմուզի նեղուցը չբացվի․ Saudi Aramco appeared first on CIVILNET.

Leave a comment