Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի միջև մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ է օգնությունն ուղարկվել՝ Իրանի ժողովրդի ներկայիս կարիքները բավարարելու համար։

Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաներով Իրան ուղարկված մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2,4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, մոտ 600 կգ թեյ և մոտ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։

Վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները սրվել են։ Ադրբեջանը հայտնել է, որ Իրանը՝ Մերձավոր Արևելքում ընթացքող ռազմական գործողությունների ֆոնին, թիրախավորել է Նախիջևանը։ Այդ գործողությունն Ադրբեջանի նախագահն «ահաբեկչություն» է որակել և հայտարարել, որ երկրի զինված ուժերին հրահանգել է պատրաստվել ռազմական գործողությունների Իրանի դեմ։ Պաշտոնական Թեհրանը հերքել է Նախիջևանին հարվածելու հայտարարությունները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան appeared first on CIVILNET.

Leave a comment