Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց և չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից. այս ցանկությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ հղած ուղերձում։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գնահատականով՝ 2025-ին Հայաստանում ծնելիության գործակիցը եղել է 1.71: Բնակչության պարզ վերարտադրության համար հարկավոր է առնվազն 2.1 գործակից։
Փաշինյանն ասել է, որ 2018-ի հեղափոխությունից «կանայք հսկայական մասնակցություն ունեն մեր երկրի կառավարման գործում. ներգրավված են քաղաքական և տնտեսական կյանքում՝ նախկինում չտեսնված ծավալով:
Փաշինյանը նշել է պետական այն կառույցների անունները, որոնց ղեկավարները կանայք են՝ Ներքին գործերի նախարարություն, Արտաքին հետախուզության ծառայություն, Դատախազություն, Քրեակատարողական ծառայություն։
«Կառավարությունում այսօր կանայք ներկայացված են ավելի, քան երբեւէ, օրենսդիր մարմնում ներկայացված են ավելի, քան երբեւէ, դատաիրավական մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, Տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված են ավելի, քան երբեւէ, զինվորական ծառայության մեջ ներկայացված են ավելի, քան երբեւէ, ոստիկանությունում ներկայացված են ավելի, քան երբեւէ, տնտեսական, քաղաքական, հանրային կյանքում ներկայացված են ավելի, քան երբեւէ, եւ սա նաեւ մեր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ, որը ոչ միայն երեխաներին ավելի լավ կրթություն ստանալու հնարավորություն է տալիս, այլեւ նրանց մայրիկներին հնարավորություն է տալիս աշխատել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
The post Առնվազն երեք երեխա յուրաքանչյուր կնոջ համար. Փաշինյանի ուղերձը appeared first on CIVILNET.