Աստված պահպանի մեր մայրերին ու քույրերին. Վեհափառը շնորհավորել է Մարտի 8–ը

Բաժանորդագրվել

Կաթողիկոսն ընդգծել է, որ այսօրվա անկայուն աշխարհում, երբ հայ ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա` Մարտի 8–ի առիթով։

Նա նշել է, որ այսօր ևս մի առիթ է մեծարելու կանանց, արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, առողջապահության և այլ կարևոր ոլորտներում։

«Այսօրվա անկայուն աշխարհում, երբ մեր ժողովուրդը ամենուր բազում դժվարություններ է կրում, շատ հոգսեր ծանրացած են նաև կանանց ուսերին, ովքեր իրենց ընտանիքների հոգատարության հետ մեկտեղ նվիրումով ու նախանձախնդրությամբ ջանքեր են ներդնում ազգային կյանքի առաջընթացի և մեր հայրենիքի զորացման համար»,–նշել է կաթողիկոսը։

Նա աղոթք է բարձրացրել առ Աստված, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին ու մեր հայրենիքին և իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի հայ մայրերին ու քույրերին, որպեսզի հավատով և հույսով շարունակեն նպաստել հայ ժողովրդի բարօրությանը։

Leave a comment