Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Սոցիալական ցանցերում տարածվում են գովազդային հրապարակումներ, որոնցում օգտագործվում է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը և պատկերը՝ օգտատերերին մեծ գումարի շահույթ խոստանալով հարցման կամ «ներդրումային» հարթակում գրանցվելու դիմաց։
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գրառումները և պարզել, որ դրանց նպատակը քաղաքացիների անձնական տվյալների և ֆինանսական միջոցների հափշտակումն է։
Արհեստական բանականությամբ խմբագրված լուսանկարներ և կեղծ էջեր
Գովազդային արշավն իրականացնում է Facebook և Instagram հարթակներում գործող «Insider X» էջի միջոցով։
Գովազդային հրապարակումներից մեկում պատկերված է Գագիկ Ծառուկյանին նմանվող կերպար, նրան պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տարբերանշանը և գրություն, որը կոչ է անում անցնել հարցում՝ խոստանալով 655 հազար դրամ շահույթ։
Մեկ այլ հրապարակման մեջ զեղծարարներն օգտագործել են արհեստական բանականության գործիքներ՝ ստեղծելով Ծառուկյանի խմբագրված լուսանկար։ Դրանում նա պատկերված է աչքի տակ կապտուկով, կողքին երևում է ոստիկանական ավտոմեքենա, իսկ վերնագիրն ազդարարում է «սկանդալային ծեծկռտուքի» և հարցազրույցի մասին, որից հետո իբր նրա կյանքին վտանգ է սպառնում։
Կեղծ հարցազրույցներ և գոյություն չունեցող հարթակներ
Ըստ Meta-ի թափանցիկության տվյալների՝ այս էջը ստեղծվել է 2022 թվականի օգոստոսին և վերանվանվել է 2025-ի մարտին։ Էջը կառավարվում է Բանգլադեշից, Հնդկաստանից և Ինդոնեզիայից։ Գովազդային հրապարակումներին կից հղումները տանում են xelanurito[.]com հասցեով կայք, որն արտաքին ձևավորմամբ և լոգոտիպով նմանակում է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը։ Այստեղ հրապարակված է մի հորինված հոդված, որի վերնագիրը պնդում է անում, թե իբր Կենտրոնական բանկը դատի է տվել Գագիկ Ծառուկյանին նրա սենսացիոն հայտարարությունների պատճառով։
Հոդվածում ներկայացվում է նաև գոյություն չունեցող հարցազրույց Ծառուկյանի և «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի միջև, որի ընթացքում նա իբր խոսում է «Immediate Fortune» ներդրումային հարթակի մասին՝ պնդելով, որ ընդամենը 100 դոլար ներդնելով հնարավոր է շաբաթների ընթացքում «հարյուր հազարավոր դոլարներ վաստակել»։
Այս հորինված պատմության նպատակն օգտատերերին գրանցման էջ հասցնելն է․ կայքը պահանջում է մուտքագրել անուն, ազգանուն, էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար։ Տվյալները լրացնելուց հետո քաղաքացիների հետ կապ են հաստատում զեղծարարները՝ ներկայանալով որպես ֆինանսական խորհրդատուներ։
Մանրամասները՝ «Ինչպես են քաղաքական գործիչների անուններով փող կորզում սոցցանցերում»
Զանգահարողները հոգեբանական տարբեր հնարքներով փորձում են համոզել քաղաքացիներին իրական դրամական փոխանցումներ կատարել իրենց հաշվեհամարներին։ Սկզբում կորզելով փոքր գումար՝ նրանք հաճախ պահանջում են նաև ավելի մեծ փոխանցումներ՝ պատճառաբանելով, թե դա անհրաժեշտ է միջնորդավճարների կամ կուտակված «շահույթը» կանխիկացնելու համար։
Սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ սխեմաներով շահարկվում է Ծառուկյանի անունը։ Պարբերաբար տարածվում են նաև արհեստական բանականությամբ խմբագրված կեղծ տեսանյութեր, որոնցում Ծառուկյանը իբրև գովազդում է եկամուտ խոստացող «ներդրումային հարթակներ»։
Տես՝ «Գագիկ Ծառուկյանի դիփֆեյք տեսանյութը գովազդում է կեղծ ներդրումային հարթակ»
The post Գագիկ Ծառուկյանի «ծեծված» լուսանկարն ու կեղծ ներդրումները. նոր խարդախություն սոցցանցերում appeared first on CIVILNET.