Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ահաբեկչական ակտ» է որակել, ենթադրաբար, Իրանից անօդաչուներով Նախիջևանի տարածքը թիրախավորելու գործողությունը։ Մարտի 5-ին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալիևը զինված ուժերին հրահանգել է պատրաստվել պատասխան գործողությունների։
«Իրանը գնդակոծել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Թիրախները եղել են քաղաքացիական օբյեկտները։ Նախիջևանի միջազգային օդանավակայանը, դրա տերմինալի շենքը, դպրոցը և այլ ուղղություններ ենթարկվել են նենգ գնդակոծության Իրանի կողմից»,- հայտարարել է Ալիևը։
Նա հավելել է, որ Բաքուն պահանջում է անհապաղ ներողություն խնդրել և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։
«Իրանցի պաշտոնյաները պետք է ադրբեջանական կողմին բացատրություններ տան, ներողություն խնդրեն, իսկ այս ահաբեկչության մեջ մեղավորները՝ ենթարկվեն քրեական պատասխանատվության»,- ասել է Ալիևը։
Ալիևն իր ելույթում ընդգծել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Թեհրանը թիրախավորում է Ադրբեջանը՝ հիշեցնելով Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումը։ Նա պնդել է, որ այդ գործողությունները համակարգվում են Իրանի պետական բարձր մակարդակով։
Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության և պատրաստ է ուժ կիրառել։
«Զինված ուժերին հանձնարարական է տրված նախապատրաստել և իրականացնել պատասխան միջոցառումներ։ Այս անազնիվ մարդիկ, ովքեր մեր դեմ իրականացրել են այս ահաբեկչությունը, կզղջան դրա համար։ Թող չփորձեն մեր ուժը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Միևնույն ժամանակ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը չի մասնակցել և հիմա էլ չի մասնակցի Իրանի դեմ գործողություններին։
«Սա մեր դիրքորոշումն է։ Մենք որևէ շահագրգռվածություն չունենք հարևան երկրների դեմ որևէ գործողություն իրականացնելու հարցում, և մեր քաղաքականությունը դա թույլ չի տալիս։ Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Իրանից Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքերի արձակման մասին տեղեկությունը։
Գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, հատկապես մուսուլման և հարևան պետությունների ինքնիշխանությունը, հերքում է զինված ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը։
Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին ևս հայտարարել է, որ Իրանը չի թիրախավորում իր հարևան երկրները։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Ալիևն Ադրբեջանի ԶՈՒ-ին հրահանգել է պատրաստվել պատասխան գործողությունների Իրանի դեմ appeared first on CIVILNET.