Միացյալ Թագավորության կառավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է ազգային երկխոսություն սկսել Եվրոպական միության հետ ազատ տեղաշարժի համակարգին հնարավոր վերադարձի շուրջ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բերնհեմը՝ «The Sunday Times» շաբաթաթերթին տված հարցազրույցում։
«Ազատ տեղաշարժը բերեց շատ լուրջ մարտահրավերներ, որոնց մասին ես նախկինում խոսել եմ խորհրդարանում։ Միևնույն ժամանակ, սակայն, դա ներկայացնում էր ներգաղթի մի տեսակ, որը, թերևս, ավելի պարզ էր [քան այն, ինչ տեսնում ենք հիմա]։ Միգրացիայի «պտտվող դռան» սկզբունքը՝ երբ մարդիկ գալիս են, իսկ հետո վերադառնում հայրենիք, բոլորովին այլ բան է։ Այդ ժամանակվանից ի վեր միգրացիոն հաշվեկշիռը փոխվել է, այնպես չէ՞։ Կարծում եմ՝ մենք պետք է ազնիվ քննարկում ունենանք այս հարցի շուրջ», — ասել է վարչապետը։
Բերնհեմը նշել է, որ առանց ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժին վերադառնալու՝ Միացյալ Թագավորությունը չի կարողանա օգտվել Eurodac-ից՝ միգրացիոն տվյալների ընդհանուր բազայից։ «Ես կողմ եմ Եվրոպայի հետ մեր հարաբերությունների ամրապնդմանը։ Ես չեմ խուսափում դրանից։ Կարծում եմ՝ դա կխթանի Միացյալ Թագավորության ՀՆԱ-ի աճը և, փաստացի, մեզ հնարավորություն կտա ավելի մեծ վերահսկողություն սահմանել միգրացիայի նկատմամբ։ Ես ցանկանում եմ ներկայացնել այս փաստարկները», — ընդգծել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ին լիարժեք վերադառնալու համար անհրաժեշտ կլինի հանրաքվե, մինչդեռ Միասնական շուկային կամ Մաքսային միությանը միանալու դեպքում դա պահանջված չէ։ Նա եվրոյի ընդունումն ու Շենգենյան գոտուն միանալը նշել է որպես իր «կարմիր գծեր» ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հարաբերությունների համատեքստում։