Մենք չենք թիրախավորում մեր հարևան երկրները։ Այս մասին ասել է Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով Նախիջևանի օդանավակայանի թիրախավորման մասին շրջանառվող տեղեկությունները։
«Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն։ Իրանը չի թիրախավորում իր հարևաններին, բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններիս տարածքում գործող օտարերկրյա ռազմաբազաները՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը, ակտիվորեն օգտագործվում են Իրանի և նրա անմեղ քաղաքացիների դեմ հարձակումներ իրականացնելու համար»,- ասել է իրանցի պաշտոնյան։
Նա վերահաստատել է Թեհրանի նախկինում հնչեցրած պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի՝ տարածաշրջանում գտնվող ցանկացած ռազմական հենակետ, որը կծառայի որպես հարթակ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, կդառնա իրանական կողմի օրինական թիրախը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, օգտագործելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքից հարձակումներ են իրականացրել Նախիջևանի միջազգային օդանավակայանի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Նախարարությունից հայտնել են, որ այդ հարձակումներն անպատասխան չեն մնա։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Մարտի 4-ին էլ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը Իրաքի և Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մարտի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ և փոխանցել երկրի պաշտոնական արձագանքը՝ կոչ անելով զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից։
The post Թեհրանը մեկնաբանել է Նախիջևանի օդանավակայանի թիրախավորման մասին լուրերը appeared first on CIVILNET.