Իրանի հետ ռազմական բախման առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնվել է ներքաղաքական սուր քննադատության կենտրոնում՝ ամերիկացի զինծառայողների շրջանում արձանագրված զոհերի վերաբերյալ հակասական և «անտարբեր» հայտարարությունների պատճառով, ասված է CNN-ի հոդվածում։
Պենտագոնը պաշտոնապես հաստատել է վեց ամերիկացի զինվորականի մահը, սակայն Թեհրանը պնդում է, որ կորուստների իրական թիվը տասնյակ անգամ գերազանցում է հրապարակված տվյալները։
Մարտի 4-ին Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ Միացյալ շտաբների պետերի տեղակալ, գեներալ Դեն Քեյնը հրապարակել է զոհվածներից չորսի անունները։ Նրանք բոլորն էլ ծառայում էին ԱՄՆ բանակի ռեզերվի Այովա նահանգի Դես Մոյնս քաղաքի 103-րդ մատակարարման հրամանատարությունում։
Մինչ Վաշինգտոնը խոսում է սահմանափակ կորուստների մասին, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ներկայացրել է իրանական կողմի տվյալները։ Ըստ Լարիջանիի՝ Իրանի պատասխան հարվածների հետևանքով սպանվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող։ Թեհրանն այս ցուցանիշը ներկայացնում է որպես ԱՄՆ-ի ագրեսիայի ուղիղ հետևանք, մինչդեռ Սպիտակ տունը հերքում է նման մասշտաբի կորուստները։
Նախագահ Թրամփը, անդրադառնալով զոհերին, օգտագործել է ձևակերպումներ, որոնք Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները որակել են որպես անհոգի։ NBC News-ին տված հարցազրույցում նա նշել է. «Մենք ունենք երեք զոհ, բայց սպասում ենք կորուստների։ Ի վերջո, սա մեծ գործարք է լինելու աշխարհի համար»։
Ավելի ուշ, սոցիալական մեդիայում հրապարակված տեսանյութում, խոսելով նոր զոհերի հավանականության մասին, նախագահը հավելել է. «Ցավոք, հավանաբար ավելի շատ զոհեր կլինեն մինչև ավարտը։ Այդպիսին է իրավիճակը (That’s the way it is)»։
Իրավիճակն էլ ավելի է սրվել Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունից հետո, ով մեղադրել է լրատվամիջոցներին զոհերի թեմայի վրա չափազանցված կենտրոնանալու մեջ՝ նպատակ ունենալով վնասել նախագահի վարկանիշին։ Հեգսեթի խոսքով՝ մամուլը անտեսում է ռազմական հաջողությունները և առաջնահերթություն է տալիս «ողբերգական պատահարներին»։
Մարտի 4-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը փորձել է մեղմել Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի՝ լրատվամիջոցների հասցեին արված հայտարարությունները։
CNN-ի լրագրող Քեյթլան Քոլինզի հարցին, թե արդյոք վարչակազմը կարծում է, որ լրատվամիջոցները չպետք է լուսաբանեն զինվորների մահը, Լևիթը հարցը որակել է «կեղծ» և հավելել. «Դա այն չէ, ինչ նկատի ուներ նախարարը»։
Մամուլի քարտուղարը պարզաբանել է վարչակազմի դիրքորոշումը՝ նշելով, որ լրատվամիջոցները պետք է կենտրոնանան «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գործողության հաջողությունների և իրանական վարչակարգին հասցված վնասների վրա։ Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ նախագահ Թրամփը ներկա կգտնվի զոհված զինծառայողների աճյունների տեղափոխման արարողությանը։
The post Պենտագոնը ԶԼՄ-ներին կոչ է անում չկենտրոնանալ ԱՄՆ-ի զոհերի վրա և չվնասել Թրամփի վարկանիշը appeared first on CIVILNET.