Միացյալ Նահանգները և Իսրայելը մոտ են Իրանի օդային տարածքի նկատմամբ լիակատար և «անառարկելի» վերահսկողության հաստատմանը: Այս մասին մարտի 4-ին Պենտագոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Հեգսեթը նշել է, որ ընթացիկ «Էպիկական կատաղություն» (Epic Fury) և «Մռնչացող առյուծ» (Roaring Lion) ռազմական գործողությունների արդյունքում մեկ շաբաթից պակաս ժամանակահատվածում երկու երկրների օդուժը կտիրապետի իրանական երկնքին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարի փոխանցմամբ՝ օդային գերակայությունը թույլ կտա թիրախավորել Իրանի հրթիռային համակարգերը, պաշտպանական արդյունաբերական բազան և ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ օգտագործելով B-2, B-52 ռմբակոծիչներ և անօդաչու թռչող սարքեր:
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն կիրառում է 500-ից 2000 ֆունտանոց բարձր ճշգրտության կառավարվող ռումբեր, որոնց պաշարները որակել է որպես գրեթե անսահմանափակ:
Ըստ նախարարի՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանատարությամբ չորս օր առաջ մեկնարկած «Էպիկական կատաղություն» գործողությունն արդեն իսկ կրկնակի գերազանցել է 2003-ի իրաքյան արշավի հարվածային ուժը, իսկ Իսրայելի գործողությունների ինտենսիվությունը յոթնապատկվել է հունիսյան ցուցանիշների համեմատ: Հեգսեթն ընդգծել է, որ գործողությունները կշարունակվեն մինչև Իրանի ռազմական կարողությունների վերջնական կազմալուծումը:
The post ԱՄՆ-ն և Իսրայելը վերահսկողության տակ կվերցնեն Իրանի երկինքը՝ պաշտպանական համակարգը կազմալուծելու համար. նախարար appeared first on CIVILNET.