2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ֆոնին քաղաքական կուսակցություններն ակտիվորեն կիրառում են նոր տեխնոլոգիական լուծումներ՝ իրենց քարոզարշավն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Այս մասին գրում է Cyberhub.am-ը։
«2026 թվականի մարտի 3-ին CyberHUB-AM-ը ստացել է երեք քաղաքացու դիմում առ այն, որ քաղաքական կուսակցություններից մեկը ԱԲ գործիքներով մշակված տեսանյութերում օգտագործել է իրենց իրական լուսանկարների գեներացված տարբերակները։ CyberHUB-AM-ը իրականացրել է ներկայացված տեսանյութերի և քաղաքացիների իրական լուսանկարների տեխնիկական և վիզուալ համեմատական վերլուծություն։ Արդյունքում պարզվել է, որ կուսակցության կողմից պատրաստված հոլովակներում օգտագործվել են քաղաքացիների լուսանկարները, որոնք վերցված են համացանցում առկա հանրամատչելի աղբյուրներից, որտեղ դրանք հրապարակվել էին այլ նպատակներով»,- գրել է կայքը։
Cyberhub.am-ին դիմած քաղաքացիները հայտնել են, որ՝
- իրենք որևէ առնչություն չունեն քաղաքական կուսակցությունների գործունեությանը և չեն զբաղվում քաղաքականությամբ,
- իրենցից որևէ մեկը չի տրամադրել համաձայնություն լուսանկարների օգտագործման համար՝ ԱԲ գործիքներով բովանդակություն ստեղծելու նպատակով,
- իրենք որևէ կերպ չեն տեղեկացվել իրենց պատկերների նման կիրառման մասին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։