Մեր հաղթանակից է կախված խաղաղության շարունակականությունը. Հայկ Կոնջորյան


Մեր այցերի արդյունքները ինձ տալիս են վստահություն, որ գնալու ենք և գրանցենք հաղթանակ, որովհետև մեր հաղթանակից է կախված խաղաղության շարունակականությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:


«Մեր հաղթանակից է կախված, թե արդյոք այն գործընթացները, որ սկսել ենք՝ ապաշրջափակման, TRIPP-ի, զարգացման տրամաբանության, էքզիստենցիալ-գոյաբանական ճգնաժամից դուրս գալու և ի վերջո զրագացման հուն մտնելու…  Այդ ամենը, վստահաբար, կախված է մեր հաղթանակից»,- ասաց նա:


Լրագրողների ճշտող հարցին՝ արդյոք նրա ասածները շփոթեցնող չեն, տվեց բացասական պատասխան:


«Ոչ, որովհետև ես ասում եմ՝ հիմնվելով այն հռետորաբանության վրա, որն արվում է ընդդիմադիր ուժերի կողմից: Իհարկե, կոնտրպրոոդուկտիվ է կանգնել և ասել, որ իրենք ուզում են պատերազմ և չեն  ուզում խաղաղություն: Այդպես չեն ասում, հո այդքան հիմար չեն: Ընդդիմադիր ուժերը չեն ասում՝ իրենք դեմ են խաղաղությանը, բայց ըստ էության՝ այնպիսի առաջարկներ են անում, որոնք քանդելու են խաղաղության ճարտարապետությունը»,- նշեց պատգամավորը: 


Կոնջորյանն այնուհետև բացատրեց՝ ինչպես կարող են ընդդիմության գործողությունները հանգեցնել պատերազմի, հիշեցրեց Դաշնակցության 004 շրջաբերականը, որի մեջ ասվում է, որ Հայաստանի շահերից չի բխում ունենալ սահմանազատված սահման, բացի այդ, այդ ժամանակ ընդդիմությունը Բագրատ Գալստանյանի հետ փորձում էր վիժեցնել սահմանազատման գործընթացը:


Նրա խոսքով՝ եթե խորհրդարանական ընդդիմությունը, որը դեմ է սահմանազատման գործընթացին, փորձում է սահմանազատման գործընթացը վիժեցնել, եթե մարդկանց հորդորում են չօգտվել կառավարության առաջարկած 16 միլիոն դրամից, ապա դա ինչ է, եթե ոչ արշավ խաղաղության դեմ:

Leave a comment