Թոփ-50 համալսարաններ ընդունված անձինք հնարավորություն ունեն ազատվել զինծառայությունից․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր՝ նախագծով սահմանվում է աշխարհի թոփ-50 համալսարաններում այս պահին ուսումնառություն անցնող և ապագայում ուսումնառելիք ուսանողներին տալ հնարավորություն ուսումնառության ավարտից հետո, համապատասխան կրթական աստիճանի ավարտից հետո գալ ՀՀ, առնվազն երեք տարի աշխատել կառավարության սահմանած կարգով ու ոլորտներում և դրանից հետո ստանալ առավելություն ազատվել զինծառայությունից։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի հեղինակած՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը՝ այսպես կոչված «եկեղեցիներն օտարելու» նախագիծը։

Նախագծերի փաթեթով նախատեսվում է՝ ՀՀ տարածքում գտնվող պետական ցանկերում ներառված պատմության ու մշակույթի ոչ պետական անշարժ հուշարձանների կարգավիճակ ունեցող պաշտամունքային կառույցները կօտարվեն միայն կառավարության համաձայնությամբ, որպեսզի այդ հուշարձանները ոչ հանրօգուտ և իրենց նշանակությամբ տարբերվող նպատակներով չօգտագործվեն։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment