Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Ընդգծվել է խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու, դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը, ինչի համատեքստում բարձր են գնահատվել Օմանի կողմից գործադրված ջանքերը:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված աշխատանքներին՝ ընդգծելով առկա ներուժի լավագույնս իրացման հարցում Մասկատում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման նշանակությունը:
***
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 2-ին հայտարարել է, որ Իրանի դեմ իրականցվող հարվածների առավել ինտենսիվ փուլը դեռևս չի մեկնարկել, այն շուտով է լինելու։
The post Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը appeared first on CIVILNET.