Ինչպե՞ս է Հայաստանն արձագանում Իրանի դեմ պատերազմին. զրույց Լիլիթ Մակունցի հետ

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն էլ ավելի են բարդացնում Հայաստանի համար առանց այն էլ դժվարին տարածաշրջանային իրավիճակը՝ ստեղծելով անվտանգային նոր ռիսկեր: Այն, որ Երևանն այս պատերազմի միայն երրորդ օրն ուղիղ ցավակցեց Թեհրանին՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ, շատերը պայմանավորում են Հայաստանի դիվանագիտական զգուշավորությամբ. չէ՞ որ հակամարտության երկու բևեռներում էլ Հայաստանի համար առանցքային դերակատարներ են:

Մի կողմից Իրանն է՝ տարածաշրջանի այն երկու երկրներից մեկը, որի հետ Հայաստանն ունի բաց սահման, խորացող կապեր և մշակում է ռազմավարական գործընկերություն հաստատելու փաստաթուղթ: Մյուս կողմում ԱՄՆ-ն է, որի հետ հարաբերություններն արդեն իսկ բարձրացվել են ռազմավարական մակարդակի՝ թևակոխելով բարձր տեխնոլոգիաներից մինչև ենթակառուցվածքներ ներառող համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի նախապատրաստման փուլ:

ՍիվիլՆեթի տաղավարում դիվանագիտական այս բարդ հավասարակշռման և ներքաղաքական այլ սուր հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

Տիկին Մակունց, սա Ձեր դիվանագիտական գործունեությունից սկսած, կարելի է ասել, առաջին անգամ է, որ մենք Ձեզ հյուրընկալում ենք մեր տաղավարում, դրա համար կարող են լինել շատ հարցեր այս ընթացքի վերաբերյալ՝ մինչև Ձեր դիվանագիտական պաշտոն ստանձնելը, դրանից հետո և այլն: Բայց սկսենք ամենաթարմ առիթից: Տարածաշրջանը հիմա բավականին անկայուն վիճակում է, խոսքը Մեծ Մերձավոր Արևելքի մասին է: Իրանն Ամերիկայի և Իսրայելի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում, արդեն գիտենք, որ փոխադարձ հարվածներ են, Իրանի հոգևոր առաջնորդն է զոհվել: Հայաստանն այդ պատերազմի միայն երրորդ օրը պաշտոնապես կապ հաստատեց իրանական կողմի հետ, ցավակցեց և մարդասիրական աջակցություն առաջարկեց: Կասե՞ք՝ որո՞նք էին այս դիվանագիտական հապաղման պատճառները: Ինչո՞ւ պատերազմի երրորդ օրը մեզ մոտ ստացվեց կապ հաստատել իրանական կողմի հետ, և արդյո՞ք սա կապված էր նաև այն հանգամանքի հետ, որ պատերազմի մյուս կողմում Վաշինգտոնն է, և պետք էր նրանց հետ ևս կոմունիկացվել:

Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար: Ես դա չէի ձևակերպի որպես «հապաղում» Հայաստանի Հանրապետության կողմից, որովհետև արձագանքները միայն հրապարակային չեն լինում: Իրավիճակին Հայաստանի Հանրապետության արձագանքն առաջին հերթին ուսումնասիրությունն է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, և դա պոտենցիալ ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Դուք տեղյակ եք, որ Անվտանգության խորհուրդը նիստեր էր կազմակերել՝ իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Նույնիսկ մինչև Անվտանգության խորհրդի նիստը, գուցե ոչ այդքան ուղիղ տեսանելի, բայց գործողություններ եղել են Հայաստանի Հանրապետության կողմից՝ կանխատեսելով նման զարգացումների հնարավորությունը: Անվտանգության խորհրդում բնականաբար քննարկվել է թե՛ իրավիճակը, թե՛ հնարավոր մարտահրավերները, որոնք կարող են առնչվել Հայաստանին, և թե ինչպես պետք է Հայաստանն արձագանքի դրանց: 

Այսինքն՝ սա հապաղում չի եղել. ընթացքում եղել են կապեր, կոնտակտներ, կողմերի հետ զրույցներ են տարվել:

Ես, բնականաբար, գերատեսչությունների անունից չեմ կարող խոսել, բայց վստահ եմ, որ այդպես է եղել:

Շատ լավ: Այնուամենայնիվ, Իրանում հիմա բավական ծանր վիճակ է, նաև Ծոցի երկրներում, որովհետև Իրանն էլ հարվածում է այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին: Թե՛ Իրանում, թե՛ Ծոցի երկրներում կան ՀՀ քաղաքացիներ և հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: Կա՞ աշխատանք այդ մարդկանց տարհանելու ուղղությամբ, քանի որ երեխաներից մինչև տարեցներ այնտեղ են գտնվում տարբեր նպատակներով՝ զբոսաշրջայինից մինչև կրթական: Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են նրանց տարհանելու համար:

Արտաքին գործերի նախարարությունն արդեն մի քանի հայտարարություն է արել՝ նշելով, որ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները ձեր նշած երկրներում ակտիվորեն զբաղվում են այդ հարցով: Գործում է թեժ գիծ, ակտիվ կապ կա մեր քաղաքացիների հետ: Առիթից օգտվելով՝ կոչ եմ անում. եթե կան տեղեկություններ այդ երկրներում գտնվող մեր քաղաքացիների վերաբերյալ (լինեն ուսանողներ, թե զբոսաշրջիկներ), խնդրում ենք կապ հաստատել ԱԳՆ-ի հետ և տրամադրել տվյալներ: Խնդիր է դրված ոչ միայն մեր քաղաքացիներին տեղափոխել Հայաստան, այլև առաջին հերթին անել դա անվտանգ կերպով: Պարբերաբար հայտարարություններ են արվում և կարվեն:

Հուսամ՝ առաջիկայում մարդիկ արդեն կժամանեն Հայաստան:

Այո, իհարկե:

Տեսեք, Իրանում Հայաստանի դեսպանը երեկ ասուլիս տվեց՝ ներկայացնելով պաշտոնական Երևանի տեսակետը կատարվողի վերաբերյալ: Նա ասաց, որ Հայաստանը և Իրանը մշակում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել այս տարի: Դեռ շաբաթներ առաջ էլ նշվել էր, որ սպասվում է վարչապետ Փաշինյանի այցը Թեհրան, որտեղ հնարավոր է փաստաթղթի ստորագրումը: Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, երբ մի կողմից մենք ԱՄՆ-ի հետ ունենք ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ, մյուս կողմից էլ Իրանի հետ ենք մշակում նմանատիպ փաստաթուղթ, իսկ այդ երկու կողմերն այժմ արյունալի պատերազմի մեջ են՝ ինչպե՞ս ենք հավասարակշռելու այս շահերը: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Իրանի հետ փաստաթուղթն այժմ կամ ապագայում միս ու արյուն ստանա և ստորագրվի:

Իրանի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելու նպատակների մասին ՀՀ կառավարությունը բազմիցս և հրապարակայնորեն նշել է: Այնպես որ, այստեղ որևէ անակնկալ չկա ոչ մեր քաղաքացիների, ոչ էլ մեր բարեկամ ու գործընկեր պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին հարաբերությունները կառուցելիս շատ թափանցիկ է և հստակ նշում է այն, ինչն իր համար ընդունելի է կամ անընդունելի: Մենք շատ թափանցիկ ենք եղել նաև ԱՄՆ-ի հետ՝ ընդգծելով Իրանի՝ որպես մեր հարավային կարևոր հարևանի նշանակությունը մեզ համար: Բնականաբար, դրա համար կան բազմաթիվ գործոններ: Դուք իրավացիորեն նշեցիք, որ այս պատերազմական գործողություններում ներգրավված են պետություններ, որոնք Հայաստանի համար առանցքային և բարեկամ են: Այս իրավիճակում Հայաստանի բոլոր հայտարարություններն ու դիրքավորումները պետք է բխեն բացառապես մեր պետական շահերից: Վստահ եմ, որ հանրային և փորձագիտական շրջանակներում կարող են հնչել տարբեր տեսակետներ Հայաստանի հայտարարությունների թիրախային լինելու վերաբերյալ, բայց մեր դիրքորոշումը հստակ է՝ ցանկացած քայլ պետք է արտահայտի առաջին հերթին մեր շահերը:

Եվ դա ի՞նչ է նշանակում, Իրանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման փաստաթուղթը ստորագրվելո՞ւ է: Երևանի տեսակետը հիմա ինչպիսի՞ն է: Կարո՞ղ են լինել փոփոխություններ:

Արտաքին գործերի նախարարությունն այդ մասին ժամանակին կհայտնի: Ես չեմ կարող պնդումներ անել փոփոխությունների վերաբերյալ: Իսկ թե կոնկրետ երբ կստորագրվի ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, ԱԳՆ-ն կներկայացնի:

Քանի որ Դուք բավականին երկար աշխատել եք ԱՄՆ-ում որպես դեսպան, ինչպե՞ս կարձագանքի Վաշինգտոնը, եթե Հայաստանն այս փաստաթղթի հարցում որևէ դիրքորոշում չփոխի և շարունակի բանակցությունները: Օրինակ, ԱՄՆ փոխնախագահ Վենսը վերջերս Հայաստանում էր և բացահայտ աջակցություն հայտնեց ՀՀ իշխանություններին, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպիսի՞ն կարող է լինել ԱՄՆ իշխանությունների արձագանքը հիմա:

Ես քիչ առաջ նշեցի և հիմա սիրով կմանրամասնեմ: Բոլոր դաշնակիցների ու գործընկերների հետ մենք մեր հարաբերությունների հարցում թափանցիկ ենք: Միացյալ Նահանգների պարագայում գիտենք Իրանի գործոնի հետ կապված թեմայի սրությունը նրանց համար, բայց Հայաստանը միշտ բաց նշել է, որ փորձելով կարգավորել իր հարաբերությունները երկու բարդ հարևանների (Թուրքիա և Ադրբեջան) հետ, մենք նպատակ չունենք բարդացնել կամ վատթարացնել հարաբերությունները մյուս հարևանների հետ: Մենք ձգտում ենք լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի մեր բոլոր հարևանների հետ: Սա՝ մեկ: Երկրորդը՝ բոլոր գործընկերներին մենք հստակ նշում ենք, թե ինչն է հնարավոր մեզ համար, և որոնք են մեր կարմիր գծերը: Երրորդ կարևոր հանգամանքը պետությունների վարքագծի կանխատեսելիությունն է: Արդյո՞ք տվյալ պետությունը պատրաստվում է իր հարաբերություններն օգտագործել երրորդ պետության դեմ: Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի հետ հարաբերություններում այդպես չի դիրքավորվում: Հնչում են նաև քննադատություններ, թե արդյոք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները կարող են օգտագործվել մեր որևէ հարևանի դեմ: Իհարկե ոչ, նման բան չկա: Ճիշտ նույն կերպ, հարևանների հետ մեր հարաբերությունները չեն կարող օգտագործվել այլ պետության դեմ:

Եթե շատ պարզեցնեմ Ձեր ասածը, ճի՞շտ եմ հասկանում. երբ մենք կառուցում ենք ռազմավարական բնույթի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, իմանալով նրանց զգայնությունները, Հայաստանն ասում է՝ «գիտեք, մենք նմանատիպ հարաբերություններ ենք կառուցում Իրանի հետ, բայց որևէ նպատակ չունենք դրանով ձեզ վնասելու», և հակառակը:

Բնականաբար: Դուք շատ ճիշտ եք, հենց այդպես էլ կա:

Եվ դա հանգի՞ստ է ընդունվում, ընդդիմություն չի՞ լինում:

Դա դժվար, ամենօրյա, տքնաջան ու հետևողական աշխատանք է պահանջում: Այդ ընկալմանը հասնելը հեշտ չէ… Եվ ես համոզված կարող եմ պնդել, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ում կա հստակ ընկալում Հայաստանի դիրքավորման վերաբերյալ՝ իր բոլոր հարևանների առնչությամբ:

Մանրամասները` հարցազրույցում

The post Ինչպե՞ս է Հայաստանն արձագանում Իրանի դեմ պատերազմին. զրույց Լիլիթ Մակունցի հետ appeared first on CIVILNET.

Leave a comment