Իսրայելը տարիներ շարունակ վերահսկել է Թեհրանի տեսախցիկների ցանցը՝ նախքան Խամենեիի սպանությունը

Իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալները տարիներ շարունակ ներխուժել են Թեհրանի ճանապարհային տեսախցիկների համակարգ՝ լրտեսելու Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին գրում է Daily Mail-ը։

Իսրայելը հասանելիություն է ստացել քաղաքի գրեթե բոլոր տեսախցիկներին, ինչը թույլ է տվել հետևել առանցքային դերակատարների տեղաշարժին և տվյալներն ուղարկել Թել Ավիվ։ 

Հավաքագրված տեղեկատվության միջոցով հետախուզությունը տիրապետել է թիկնապահների հասցեներին, աշխատանքային գրաֆիկներին և նույնիսկ այն վայրերին, որտեղ նրանք կայանում էին իրենց անձնական մեքենաները Թեհրանի կենտրոնում գտնվող Գերագույն առաջնորդի համալիր ժամանելիս։ 

Այս տեխնոլոգիական ներխուժումը մաս է կազմել տարիներ տևած հետախուզության, որը հանգեցրել է փետրվարի 28-ին Խամենեիի սպանությանը, երբ իսրայելական կործանիչները շուրջ 30 ճշգրիտ հարված են հասցրել նրա նստավայրին։ Գործողության ընթացքում Իսրայելը խափանել է մոտակա բջջային աշտարակների աշխատանքը՝ կանխելով անվտանգության ծառայության նախազգուշացում ստանալու հնարավորությունը։ 

Financial Times-ին տված հարցազրույցում իսրայելցի պաշտոնյան նշել է, որ իրենք Թեհրանը գիտեին Երուսաղեմի պես լավ, ինչը թույլ է տվել նկատել ցանկացած գործողության։ 

Գործողությանը նպաստել է նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աղբյուրը, որի տվյալները համադրվել են Իսրայելի արհեստական բանականության գործիքների հետ՝ ճշգրտելու Խամենեիի գտնվելու վայրը։ Հարձակման որոշումը կայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ տեսախցիկների միջոցով հաստատվել է, որ նախատեսված հանդիպումն ընթանում է ըստ ժամանակացույցի, քանի որ պատերազմի պայմաններում Այաթոլլան կարող էր տեղափոխվել ստորգետնյա պաշտպանված բունկեր։

The post Իսրայելը տարիներ շարունակ վերահսկել է Թեհրանի տեսախցիկների ցանցը՝ նախքան Խամենեիի սպանությունը appeared first on CIVILNET.

Leave a comment