Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան: Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին օպերատիվ պատասխանելու համար գործում են թեժ գծեր, որոնց միջոցով տրամադրվում է թարմ տեղեկատվություն չվերթների հնարավոր փոփոխությունների մասին:
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տարանցիկ չվերթների չեղարկումն ու հետաձգումը դժվարություններ են առաջացրել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների համար:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանումներ է ներկայացրել իրականացվող քայլերի և քաղաքացիների վիճակի վերաբերյալ:
Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Արաբական Միացյալ Էմիրություններում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խումբը: ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը օպերատիվ կապ է պահպանում թե՛ ուսանողների, թե՛ համալսարանների ղեկավարության հետ՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն:
Բացի այդ, կան քաղաքացիներ, որոնք տարածաշրջանից դուրս գտնվող երկրներից չեն կարողանում վերադառնալ Հայաստան հենց Մերձավոր Արևելքով անցնող տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով: Նրանց հետ տարվում է անհատական աշխատանք:
Չնայած լարվածությանը՝ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները բնականոն շարունակում են իրենց գործունեությունը: Հատկանշական է, որ այս երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ հոսք դեռևս չի գրանցվել:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Մերձավոր Արևելքի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները սկսել են աշխատել շուրջօրյա արտակարգ ռեժիմով: Այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում խոշոր ավիաընկերությունների, այդ թվում՝ «FlyOne», «FlyDubai», «Air Arabia» և «Qatar Airways»-ի հետ՝ թռիչքների հնարավոր տարբերակներ գտնելու և գործընթացները դյուրացնելու նպատակով:
ԱԳՆ-ն իրականացրել է կարիքների գնահատում և մշտական կապի մեջ է այն երկրների գործընկերների հետ, որտեղ գտնվում են մեր քաղաքացիները:
The post Մերձավոր Արևելքում զոհված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան․ ԱԳՆ appeared first on CIVILNET.