Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն օրինական իրավունք ունի պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը։
Նրա փոխանցմամբ՝ վերջին 48 ժամվա ընթացքում ինքը հեռախոսազրույցներ է ունեցել 12 երկրների իր գործընկերների հետ՝ առանձին քննարկումներ անցկացնելով Օմանի, Եգիպտոսի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Կիպրոսի, Թուրքիայի, Քուվեյթի, ԱՄԷ-ի, Թունիսի, Իրաքի և Պակիստանի արտաքին գործերի նախարարների հետ։
Արաղչին X-ի իր էջում նշել է, որ զրույցների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի գործողությունների հետևանքները, որոնք, նրա գնահատմամբ, ուղղված են լարվածության սրմանը։
Նախարարը կարևորել է տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորումը՝ առանց արտաքին ուժերի միջամտության։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության հաստատումը հնարավոր է միայն պետությունների ինքնիշխանության հարգման, ագրեսիայի և սպառնալիքների դադարեցման, արտաքին ապակառուցողական միջամտությունից հրաժարվելու և անկայունության հետագա տարածումը կանխելու միջոցով։
Արաղչին նաև ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները պատասխանատվություն են կրում լարվածության հետագա սրումը կանխելու և անվտանգությունն ամրապնդելու գործում։