Ոստիկանը տնային կալանքի տակ է խոշտանգման, գործընկերը՝ անգործության համար

Ավարտվել է ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Փետրվարի սկզբին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ապտակում մի տղամարդու: Թեև տղամարդը նշում է, որ առողջական խնդիր ունի, բայց ոստիկանը շարունակում է հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալ:

ՔԿ-ից հայտնում են, որ 2025-ի սեպտեմբերի 22-ին ոստիկանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, տեղեկություն ստանալու նպատակով խոշտանգել է անձին, վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, ոստիկան Գ.Մ.-ն ներկա գտնվելով գործընկերոջ՝ Հ.Հ.-ի կողմից անձին խոշտանգելուն՝ միջոցներ չի ձեռնարկել վերջինիս նկատմամբ բռնության գործադրումը կանխելու ուղղությամբ, իր լիազորություններն իրականացնելիս իրեն հայտնի դարձած ծանր հանցագործության դեպքին անմիջականորեն ականատես լինելով՝ քննիչին կամ դատախազին չի ներկայացրել հանցանքի մասին հաղորդում: Փոխարենը՝ տեսանկարահանել է Հ.Հ.-ի կողմից անձի նկատմամբ բռնություն գործադրելու տեսարանը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկան Հ․Հ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը), իսկ Գ․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։  

Հ․Հ․-ի և Գ․Մ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

The post Ոստիկանը տնային կալանքի տակ է խոշտանգման, գործընկերը՝ անգործության համար appeared first on CIVILNET.

Leave a comment