Մեր ցանկությունն է, որ Հայաստանը վնաս չկրի. դեսպանը՝ Իրանի դեմ պատերազմի մասին

Հայ-իրանական հարաբերությունների և համագործակցության խորքը պարտավորեցնում է, որ անկախ այն բանից, թե արտաքին ինչ քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ փոխգործակցությունը շարունակվի։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ մարտի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Իրանի դեմ ընթացող պատերազմի ֆոնին հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հարցին։

«Թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ ինքնության տեսանկյունից տարածաշրջանում նմանօրինակ ուժեղ Հայաստանի գոյությունն օգնում է ապահովել նաև Իրանի ազգային ձգտումներն ու նպատակները»,- ասաց դեսպանը։

Անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, դեպանը նշեց, որ Թեհրանը մշտապես քննարկումներ է ունեցել Երևանի հետ։

«Մենք ասել ենք, որ այդ ծրագիրը հնարավոր է հաղորդակցային տեսանկյունից Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծի, բայց այն ոչ մի դեպքում չպետք է գործիք ու աղբյուր դառնա Իրանի դեմ։ Հայաստանի իշխանությունները մշտապես վստահեցրել են, որ այդ ուղին երբեք ռազմական իմաստ չի ստանա և Հայաստանի ինքնիշխանությունն այդ ճանապարհին կպահպանվի։ Մեր և Հայաստանի միջև վստահություն կա»,- ասաց դեսպանը։

Շիրղոլամիի խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար։

«Բարեկամ և հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանը վնաս չկրի այս միջազգային օրենքները խախտողների [ԱՄՆ-ի և Իսրայելի] գործողությունների հետևանքով»,- ասաց դեսպանը։

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը, դեսպանը նշեց, որ այս պատերազմում Իրանի պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին։ 

«Մենք հուսով ենք, որ խաղաղությունը Հարավային կովկասում, ի հեճուկս պատմական որոշ տարաձայնությունների, կպահպանվի, և դա ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին»,- նշեց դեսպանը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Մերձավոր Արևելքի երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

The post Մեր ցանկությունն է, որ Հայաստանը վնաս չկրի. դեսպանը՝ Իրանի դեմ պատերազմի մասին appeared first on CIVILNET.

Leave a comment