Հայաստանի նկարիչների միությունում բացված բարեգործական «Որ չգա ոգու սով» ցուցահանդեսի նպատակն է վաճառված աշխատանքների հասույթն ուղղել հասանելի ու մարդակենտրոն միջավայրի ստեղծմանը՝ ֆիզիկական, զգայական եւ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար:
Անտիկյան ցուցասրահի հիմնադիր, արվեստաբան տնօրեն Արմինե Անտիկյանը, ներկայացնելով Yerevan Generation Rotary Club-ի հետ համատեղ իրականացվող «ԲարիԱրտ» նախաձեռնության բարեգործական ցուցահանդես-վաճառքի համար նախատեսված արվեստի գործերը, նշեց, որ պետք է միավորել ջանքերը, ուժերն ու կամքը բարի գործ անելու համար: Նրա ձեւակերպմամբ, արվեստում արված ներդրումն ամենաշահավետն է, իսկ այս դեպքում այն նաեւ մնայուն հետք է թողնելու մարդկային ճակատագրերում:
«Համալրեք ձեր հավաքածուները, գեղեցկացրեք ձեր ամենօրյա միջավայրը լավ արվեստով, նաեւ օգնեք խոցելի խավին ուրախություն պարգեւելու։ Բարությունը նույնպես արվեստ է։ Ձեր յուրաքանչյուր ձեռքբերում կդառնա հույսի և լույսի խորհրդանիշ»,- ասաց Արմինե Անտիկյանը։
Նշենք, որ բարեգործական ցուցահանդես-վաճառքը մեկ հարկի տակ է հավաքել Հայաստանի, Վրաստանի եւ Եվրոպայի 50 հանրահայտ արվեստագետների շուրջ 100 ստեղծագործություններ։ Արվեստի գործերի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Կոշ գյուղում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար ներառական խաղահրապարակի կառուցմանը։ Ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչեւ մարտի 5-ը։ Արարատ Սարգսյանի, Սահակ Պողոսյանի, Սամվել Սաղաթելյանի, Արշակ Սարգսյանի, Գագիկ Սիրավյանի, Արեւիկ Արեւշատյանի, Արման Գրիգորյանի եւ այլ արվեստագետների ստեղծագործությունները ի թիվս այլոց ներկայացված են ցուցահանդես-վաճառքում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: