ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել

Քաղաքականություն

01.03.2026 | 18:05

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել չեղարկված թռիչքների պատճառով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

«ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։

Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։

Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։

Հայտի հղումը»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Թեհրանին և Իրանի այլ հատվածներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման մտադրության մասին։

Եվրամիությունը հայտնել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ լուրջ մտահոգության մասին։ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները խստորեն դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ իրանական հարձակումները՝ Թեհրանին կոչ անելով բանակցությունների։

Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Leave a comment