Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի «Աշուղների երկխոսություն» խորագրով հոբելյանական համերգը։
Երաժշտական երեկոն նվիրված էր հայ աշուղական արվեստի երկու խոշոր ներկայացուցիչների՝ Աշուղ Ջիվանու ծննդյան 180 և Աշուղ Հավասու ծննդյան 130-ամյակներին։
Համերգը դարձավ ոչ միայն հոբելյանական հարգանքի տուրք, այլև գաղափարական կամուրջ՝ անցյալի և ներկայի միջև։ Ծրագրի առանցքում աշուղական ժառանգության ներկայացումն էր ժամանակակից մշակութային ընկալումների համատեքստում՝ պահպանելով ազգային նվագարանային հնչողության բնորոշ երանգները։ Նվագախումբը հանդես եկավ բազմաժանր կատարումներով՝ ներկայացնելով ինչպես լայն հանրությանը ծանոթ, այնպես էլ հազվադեպ հնչող ստեղծագործություններ։
Երեկոյի ընթացքում հնչեցին Ջիվանու և Հավասու քնարական, հայրենասիրական և փիլիսոփայական երգերը՝ Ազգային նվագարանների և սիրված մեներգիչների կատարմամբ, ստեղծելով հնչյունային հարուստ միջավայր՝ փոխանցելով աշուղական խոսքի խոր զգայականությունն ու դրամատիզմը։ Կատարումները ուղեկցվեցին բովանդակալից մեկնաբանություններով, որոնք հանդիսատեսին հնարավորություն տվեցին առավել ամբողջական պատկերացում կազմել երկու վարպետների ստեղծագործական ժառանգության և նրանց դերի մասին հայ մշակութային պատմության մեջ։
«Աշուղների երկխոսություն» խորագիրը խորհրդանշական էր․ այն ընդգծում էր ոչ միայն երկու հեղինակների միջև գաղափարական ու գեղարվեստական կապը, այլև ժամանակների երկխոսությունը։ Ջիվանու ստեղծագործություններում արտացոլված սոցիալական արդարության և ազգային ինքնության գաղափարները ներդաշնակորեն համադրվեցին Հավասու խորքային քնարականության ու մարդկային ապրումների նրբազգաց պատկերումների հետ։
Համերգը ևս մեկ անգամ ընդգծեց աշուղական արվեստի կենսունակությունն ու արդիականությունը՝ հաստատելով, որ ազգային երաժշտական ժառանգությունը շարունակում է մնալ հայ մշակութային ինքնության անբաժանելի մաս և ներշնչանքի աղբյուր նոր սերունդների համար։
Երեկոյին կատարումներով հանդես եկան Վարդան Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը, Աբել Աբելյանը, Հերիքնազ Պոլոյանը և Մարինե Նանյանը։ Իսկ համերգային երեկոն ղեկավարեց Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը։
Վ. Պ.
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: