Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ – Azat TV

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» միջազգային կազմակերպության («MEDEFI») պատվիրակությանը, որը ղեկավարում էր կառույցում Ֆրանսիա-Հայաստան գործարար խորհրդի նախագահ, Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ, ԻՎԵԿՈ ընկերության ղեկավար Գոթիե Ռիկորը։

Այցի նպատակն էր Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման տեսլականին և համագործակցության հնարավորություններին ծանոթանալը Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում։

Կազմակերպությունը ներառում է շուրջ 240 հազար ֆրանսիական ընկերություներ, որոնք գործունեություն են ծավալում ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում։

Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների միջև սերտ համագործակցության և Հայաստանում իրականացվող ծրագրերին ֆրանսիական ընկերությունների ներգրավածության կարևորությունը։
Նարեկ Ապիտոնյանը հյուրերին ներկայացրել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերը՝ անդրադառնալով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ու ֆրանսիական Transenergie կազմակերպության համագործակցությամբ իրականացված «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման» ծրագրին, որի արդյունքում Երևանյան լճի վրա կառուցվել է 151 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանում ջրային ռազմավարության առանցքային կետերը՝ ջրամբարաշինության և ջրային համակարգերի կառավարման առանձնահատկությունները։

Քրիստինե Ղալեչյանը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, իրականացվող խոշոր նախագծերը: Նա հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները հետագայում առավել ակտիվորեն կմասնակցեն տրանսպորտային ծրագրերում հայտարարարվող մրցույթներին, կներգրավվեն նախագծերի մշակման և իրականացման գործընթացներում:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Leave a comment