Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվեց տնային կալանք ու բացակայելու արգելք. փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանն (լուսանկարում) իր ՖԲ էջով տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար «TikTok» սոցիալական ցանցում հայտնի Հայկ Եղյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք եւ բացակայելու արգելք:

Մինչ այդ նա հայտնել էր. «Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։

Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։

Հայկի կալանավորման միջնորդության 4-ժամյա քննության արդյունքում դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 10:30-ին Սևանի դատարանում (դատավոր Արամ Մարտիրոսյան)։

Վստահեցնում եմ, որ պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե’ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե’ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը և թե’ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնում եմ նաև, որ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment