Ըստ Իսկանդարյանի՝ խաղաղության համաձայնագիրը և խաղաղությունը տարբեր բաներ են
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը քիչ հավանական է համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
«Տեսականորեն չեմ կարծում, որ դա շատ հավանական է։ Տեսականորեն նման բան կարող է պատահել, միայն թե ցանկացած դեպքում դա իրավիճակն արմատապես չի փոխի», – «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագիրը և խաղաղությունը տարբեր բաներ են։
«Նախ, եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, դա ամեն դեպքում կլինի հուշագրի նման մի բան։ Դա, ցանկացած պարագայում, պահանջելու է հետագա հաստատումներ և վավերացումներ։ Այն տեքստում, որն ունենք այսօր, շատ խնդիրներ թողնում է չլուծված», – նշել է Իսկանդարյանը։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում 2025թ.-ի օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
TRIPP նախագծի մասին
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։
Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։