Մեր ցանկությունն է, որպեսզի հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից, ասել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Իրանի և ԱՄՆ ի միջև հարաբերություններին և հայտնել, որ Հայաստանը փոքր ու համեստ պետություն է, և մեր կարողությունների սահմաններում չէ դատել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների մասին։
«Մենք, իհարկե, մտահոգված ենք, և մեր ցանկությունն է, որպեսզի հնարավորություններ լինեն դիվանագիտական ճանապարհով ելք գտնելու այս իրավիճակից», – նշել է Փաշինյանը Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ այս շատ փոփոխական և անկայուն իրավիճակում Հայաստանն ուրախ է, որ կարողացել է կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Ըստ Փաշինյանի՝ ցանկացած անկայունություն և ցանկացած մարտահրավեր շատ մտահոգիչ է։
«Մենք հույս ունենք, որ կայուն իրավիճակ կունենանք լայն տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող մեծ ազդեցություն ունենալ այդ իրավիճակի վրա, ուստի մեր անելիքն է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի», – ասել է վարչապետը։
Փաշինյանը հայտնել է, որ եթե լինեն դրական ազդեցություն ունենալու հնարավորություններ, Հայաստանը կուզի, սակայն հավելել է, որ Հայաստանը փոքր պետություն է և կարող է ընդամենը խրախուսել ու միանալ դիվանագիտության ձայներին։