Մեկնարկում է «Դպրոցական սնունդ» ծրագրի նոր փուլը

ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և գործընկերների հետ համատեղ շարունակում է դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացումը: Ծրագրի նոր փուլի մեկնարկին և «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելի ներդրմանն ընդառաջ՝ հանրապետության հինգ մարզում՝ Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Լոռիում և Սյունիքում, անցկացվում են խորհրդատվական հանդիպումներ։ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի դպրոցում տեղի ունեցած հերթական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Ծրագրի նոր փուլով նախատեսվում է հանրապետության մարզերի 159 դպրոցում հիմնել դպրոցամերձ ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ: Այս մոտեցումը ոչ միայն թույլ է տալիս դպրոցներին ինքնուրույն ապահովել թարմ, առողջարար սննդամթերք, այլև ծառայում է որպես գործնական կրթական հարթակ աշակերտների համար:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը լիովին ազգայնացվել է և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ամենօրյա տաք սննդով է ապահովում ՀՀ բոլոր 10 մարզերի բոլոր դպրոցների տարրական դասարանների ավելի քան 100000 աշակերտի: Հաջողված փորձի հիման վրա ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ ընդգրկելով նաև դեպի մայրաքաղաք Երևանի դպրոցները՝ տարրական դասարանների աշակերտներին ապահովելով առողջ, տաք սննդով:

Leave a comment