Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու կառավարության որոշումը մինչև տարեվերջ պետական բյուջեից հավելյալ 60 մլրդ դրամ հատկացում կպահանջի, իսկ տարվա կտրվածքով այդ թիվը կարող է 75 մլրդ դրամի հասնել։
Հայաստանի կառավարությունը հայտարարել է 2026թ. ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին` ներկայացնելով դա որպես գործադիրի ծրագրի կատարում և սպասվածից ավելի տնտեսական աճի արդյունք: Մինչդեռ ընդդիմությունն այս քայլը որակում է նախընտրական մարտավարություն և անգամ «կաշառք» հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ տարեց ընտրողների ձայները շահելու նպատակով։
Կենսաթոշակներն ապրիլի 1-ից 10 հազար դրամով բարձրացնելու մասին փետրվարի 25-ին առաջինը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, թոշակների ավելացումը, ինչպես նա նկատեց, տեղի կունենա ըստ ընդունված սանդղակի. «Համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ»։
Ո՞ր աղբյուրներից և որքա՞ն գումար է հատկացվելու
Հայաստանում կենսաթոշակառուների, այդ թվում՝ աշխատանքային, զինվորական և երբևէ չաշխատած նպաստառուների ընդհանուր քանակը շուրջ 580 հազար է: Փոփոխությունները այս կամ այն չափով կվերաբերեն բոլորին:
Այս տարվա բյուջեով նրանց համար նախատեսված կենսաթոշակների և նպաստների ֆոնդը կամզել է 405,4 մլրդ դրամ: Նախատեսված բարձրացումը հավելյալ տասնյակ միլիարդավոր դրամների հատկացում է պահանջում, փաստում են ֆինանսների նախարարությունից:
«Նախատեսվող բարձրացումը պետական բյուջեից հավելյալ 60 մլրդ դրամ հատկացում կպահանջի, որը կֆինանսավորվի կառավարության պահուստային ֆոնդից և 2025 թվականին հավաքագրված հավելյալ հարկերից», – ՍիվիլՆեթին փոխանցեցին ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ այս հատկացումների աղբյուրները երկուսն են` կառավարևության պահսուստային ֆոնդը և հարկային մուտքերը:
Նշելով, որ նշված 60 մլրդ դրամը վերաբերում է ապրիլի 1-ից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածին, ֆինանսների նախարարությունից հավելյալ տեղեկություն չտրամադրեցին 12-ամսյա կտրվածքով կենսաթոշակային հավելյալ հատկացումների վերաբերյալ:
Մինչդեռ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում, հղում անելով իր հաշվարկներին, նշեց, որ կենսաթոշակների բարձրացումը տարեկան կտրվածքով պետական բյուջեից կպահանջի հավելյալ շուրջ 75 մլրդ դրամ:
Ընդդիմության գնահատականը. նախընտրական «կաշա՞ռք»
Քաղաքական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկել կառավարության որոշումը՝ ընդգծելով դրա ժամանակագրական կապն այս տարվա հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, այդ կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանություններն այս որոշումը, իր ձևակերպմամբ, կայացրել են «խուճապահար», որպես հարկադիր քայլ, քանի որ վտանգ են տեսնում Սամվել Կարապետյանից։
«Ութ տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ, ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները». ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Կարապետյանը՝ հավելելով, որ իշխանությունը քայլն անում է «սեփական աթոռը պահելու համար» և կոչ անելով «բյուջե վերադարձնել միլիարդավոր դրամների պարգևավճարները»։
Զուգահեռաբար «ՀայաՔվե» ընդդիմադիր միավորումը կենսաթոշակների բարձրացումը վերագրել է իր վեցամսյա պայքարին՝ միաժամանակ այն անվանելով խիստ մասնակի և խոցելի խավին տրվող «նախընտրական կաշառք»։ Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ «անհարկի պետական ծախսերի» կրճատման հաշվին հնարավոր է «էապես բարելավել տարեցների կյանքը»։ Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «ՀայաՔվեն» վերահաստատել է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով ավելացման իր հանձնառությունը։
Իշխանության պատասխանը
Իշխող թիմում կտրականապես մերժում են կենսաթոշակների բարձրացումը որպես «խուճապային» քայլ կամ «նախընտրական կաշառք» որակող ընդդիմության քննադատությունները:
Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հիշեցրեց, որ 2018 թվականից հետո կենսաթոշակները հանրապետությունում բարձրացվել են մի քանի փուլով:
Ըստ նրա՝ նվազագույն կենսաթոշակը 2018-ի 16 հազար դրամից աստիճանաբար հասել է ներկայիս 36 հազար դրամին և ապրիլի 1-ից կդառնա 46 հազար դրամ: Տիգրանյանը հավելում է, որ փոփոխության արդյունքում ներկայումս շուրջ 49 հազար դրամ կազմող միջին կենսաթոշակը կմոտենա 59 հազար դրամի՝ գրեթե հավասարվելով նվազագույն պարենային զամբյուղին:
Չնայած միջին կենսաթոշակը դեռևս կզիջի Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ 2025 թվականի չորրորդ եռամսյակի 78,836 դրամ նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշին, պատգամավորը հղում արեց Առողջապահության նախարարության տվյալներին: Ըստ վերջինիս, որն առաջնորդվում է հաշվարկման այլ բանաձևով, նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 60 հազար դրամ:
Կենսաթոշակների բարձրացումը «նախընտրական կաշառք» որակելը մերժում է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Այս նախաձեռնությունը, նրա խոսքով, հնարավոր է դարձել բարձր տնտեսական աճի հաշվին:
Թեև 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 7,2 տոկոս տնտեսական աճ՝ գերազանցելով բյուջեով նախատեսված 5,6 տոկոսի կանխատեսումը, տնտեսական այս ակտիվությունը չի հանգեցրել պետական գանձարան հարկային մուտքերի համաչափ ավելացման: Պաշտոնական տվյալներով՝ պետական բյուջեի սկզբնական՝ 2 տրիլիոն 720,3 միլիարդ դրամ պլանի նկատմամբ հարկերի և տուրքերի հավաքագրումն ապահովվել է 100,2 տոկոսով, սակայն տարվա ընթացքում օրենսդրական փոփոխություններով վերանայված և ավելացված 2 տրիլիոն 729,4 միլիարդ դրամ նոր ցուցանիշի դիմաց արձանագրվել է հավաքագրումների թերակատարում՝ կազմելով 99,8 տոկոս:
Այնուամենայնիվ, նախարար Պապոյանը վստահ է, որ տնտեսական աճն ու ապագայում դրա վերաբերյալ դրական կանխատեսումները թույլ են տալիս պետությանը մտնել հավելյալ ֆինանսական բեռի տակ:
«Տնտեսական աճը նախատեսվածից բարձր էր, և մեր գնահատականով՝ եկող տարվա համար էլ այն ավելի բարձր է լինելու, քան գրված է բյուջեում։ Մենք կարծում ենք, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը, ինչպես նաև ընդհանուր աշխարհաքաղաքական միջավայրը մեզ համար բարենպաստ են, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս նման որոշում կայացնել», – ՍիվիլՆեթին ասաց նախարարը` հավելելով, որ կենսաթոշակների բարձրացումը տարեկան կտրվածքով պետական բյուջեից կպահանջի հավելյալ շուրջ 75 մլրդ դրամ:
Որքա՞ն կավելանան հիմնական և նվազագույն թոշակները
Վարչապետի հայտարարությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավաորները, կառավարության առանձին անդամներ և իշխող քաղաքական թիմի այլ դեմքեր սկսեցին այդ նախաձեռնության վերաբերյալ գրառումներ կատարել և տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում:
Մասնավորապես, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց կեսաթոշակների բարձրացման որոշման վերաբերյալ: Հայաստանում կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որտեղ, ըստ Թորոսյանի, էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որն այս պահին 24 հազար դրամ է։ Ըստ այդ որոշման, հիմնական կենսաթոշակի չափը ներկայիս 24 հազար դրամից կդառնա 34 հազար դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակը կհասնի 46 հազար դրամի նախկին 36 հազարի փոխարեն։
«Սա նշանակում է, որ բարձրանալու է նաև ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, որը վճարվում է այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ», – հավելել է նախարարը։
Նախարարը նշել է, որ նախաձեռնությունը վերաբերում է նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակներին, որոնց պարագայում աճը կտատանվի միջինում 8,000-8,500 դրամի սահմաններում` որոշ դեպքերում հասնելով ընդհուպ մինչև 15 հազար դրամի։
Կառավարությունը պահպանում է նաև կենսաթոշակների և նպաստների չափով անկանխիկ առևտրից մինչև 10 հազար դրամ հետվճարի հնարավորությունը, ինչը, պաշտոնյայի խոսքով, տեսականորեն թույլ է տալիս շահառուներին կրկնապատկել աճի չափը։
Արշալույս Մղդեսյան
The post Կենսաթոշակների ավելացում. տնտեսական աճի արդյո՞ւնք, թե՞ նախընտրական քայլ appeared first on CIVILNET.