Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը (TRIPP՝ հայ-ամերիկյան Trump Route for International Peace and Prosperity նախագիծ)։ Այս մասին հուլիսի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դիվանագետը հավելեց, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումից հետո Վաշինգտոնը բազմիցս խախտել է դրա դրույթները։ «Ուստի Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայությամբ միանգամայն օրինաչափ և տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծեց Շիրղոլամին։
Դեսպանը պարզաբանեց, որ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, թե TRIPP նախագծի իրականացումը Իրանի համար որևէ սպառնալիք և որևէ մարտահրավեր չի պարունակում՝ կապված ամերիկացիների ներկայության հետ։
«Անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնց շրջանակում Հայաստանի կառավարությունը կկարողանա իրացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը, սակայն միևնույն ժամանակ պետք է տրվի հստակ արձագանք ամերիկացիների ներկայությանը և Իրանի համար հնարավոր ռիսկերին ու սպառնալիքներին»,- հավելեց Շիրղոլամին։