«Մեր մտորումները մեր երկրի հետ կապված են ոչ միայն քաղաքական փոփոխությունների հետ։ Մեզ համար հրամայական է քաղաքակրթական փոփոխությունը, այն բովանդակության փոփոխությունը, որը կաթիլ-կաթիլ ներարկվում է մեր կյանքում։ Մենք կոչված ենք պայքարելու ոչ միայն դրա դեմ, այլև մեր կյանքի քաղաքակրթական բովանդակության վերականգնման համար»,- այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց տեսակապով միացած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Անդրադառնալով քաղբանտարկյալներին՝ Բագրատ սրբազանն ասաց, որ մարդիկ ապօրինաբար զրկված են ազատ տեղաշարժվելու իրավունքից և գտնվում են սահմանափակումների մեջ։
«Երեք ուղղություն կա, որոնց շուրջ պետք է աշխատել։ Առաջինը բարոյականության ուղղությունն է՝ աջակցություն հայտնել կալանավորված անձանց և նրանց ընտանիքներին։ Երկրորդը իրավական դաշտն է, այսինքն՝ բոլոր հնարավոր տարբերակներով փորձել հասնել արդարադատության, որը կարծես թե անհնար է դարձել մեր երկրում, որովհետև արդարադատությունն այսօր գտնվում է մեկ մարդու քմահաճույքի ներքո։ Դա թելադրված ու պարտադրված արդարադատություն է, բայց պետք է ստիպենք, որ այդ արդարադատությունը տեղի ունենա։
Երրորդը փողոցային պայքարն է՝ զանազան ակցիաներ, արշավներ և այլն՝ մարդկանց տեղեկացնելով ու ներգրավված պահելով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Բագրատ սրբազանը կարևորեց նաև միջազգային կառույցների հետ աշխատանքը՝ նրանց իրազեկելը, ուշադրությունը մշտապես սևեռված պահելը և յուրաքանչյուր գործի առնչությամբ ամբողջական ներկայացնելը, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: