Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր տարիների հայտարարել է Վրաստանի և Իրանի հետ առևտրաշրջանառությունը զգալիորեն ավելացնելու նպատակի մասին։ Սակայն պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայտարարություններն ու փաստացի արդյունքները լիովին չեն համընկնում։
Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ հստակ խնդիր է ձևակերպվել «առաջիկա տարիներին» Վրաստանի հետ փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի մակարդակի։
«Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասել էր վարչապետը։
Տարիներ անց՝ 2021-ի դեկտեմբերին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը Փաշինանը կրկին հայտարարել էր, որ երկու երկրները կձգտեն մինչև 2026-ը երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։
Վրաստան. վերաարտահանման գործոնն ու ցուցանիշների փաստացի անկումը
2024-ի հունվարին Վրաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ տարվա՝ 2023-ի երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը՝ հույս հայտնելով, որ դրական դինամիկան կպահպանվի։
Այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ցուցանիշը ձևավորվել է տարբեր հաշվարկային մեթոդաբանությունների կիրառմամբ։
Առևտրաշրջանառությունը հաշվարկվում է արտահանման և ներմուծման տվյալների հիման վրա։ Ներմուծման տվյալները ներկայացվում են երկու եղանակով՝ ըստ ապրանքի ծագման երկրի (որտեղ ապրանքն արտադրվել է) և ըստ արտահանող երկրի (որտեղից ապրանքն արտահանվել է)։
2023 թվականին Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը «ըստ արտահանող երկրի» մեթոդաբանության իսկապես գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Սակայն այդ աճի մեջ էական դեր են ունեցել դեպի Ռուսաստան ուղղված վերաարտահանման գործարքները, մասնավորապես՝ ավտոմեքենաների առևտուրը, որը կտրուկ աճել էր 2022-ից հետո։
Երկկողմ առևտրաշրջանառության կառուցվածքը առավել ամբողջական գնահատելու համար անհրաժեշտ է դիտարկել ներմուծման տվյալները «ըստ ապրանքի ծագման երկրի» մեթոդաբանությամբ, որը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում։ Այդ հաշվարկով 2023 թվականին Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 262.4 մլն դոլար։
2025-ի տարեկան տվյալները, սակայն, փաստում են նվազման միտումը։ Վրաստանի հետ ապրանքաշրջանառությունը «ըստ ծագման երկրի» մեթոդաբանությամբ կազմել է 279.4 միլիոն դոլար, իսկ «ըստ արտահանող երկրի»՝ 907.2 մլն դոլար։ 2024-ի համեմատ առևտրի ծավալները փաստացի նվազել են 4%-ով։
Իրանի հետ առևտուրը. 3 միլիարդի նպատակն ու փաստացի տվյալները
Իրանի հետ առևտրաշրջանառության ծավալները էապես մեծացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր տարիներին հնչեցրել է բազմամիլիարդանոց նպատակներ։ Սակայն հրապարակված վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ փաստացի ցուցանիշները զգալիորեն ցածր են այդ թիրախներից։
Այսպես, 2022-ի նոյեմբերին Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում հայտարարվել էր երկու երկրների տարեկան առևտուրը «երեք միլիարդ դոլարի հասցնելու անհրաժեշտության» մասին։ 2024-ի փետրվարին նույն թիրախը կրկին հնչվեցվեց հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակման ժամանակ։
Արդեն 2025-ի օգոստոսին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մասնակցելով հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը՝ Փաշինյանն իր ելույթում կրկին խոսեց մեկ, ապա՝ երեք միլիարդ դոլարի առևտրաշրջանառության ցուցանիշներին հասնելու մասին՝ առանց հստակ ժամկետ նշելու։
Միևնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 737.4 մլն դոլար։
Վիճակագրությունը, սակայն, հեռու է այս կանխատեսումներից։ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 2024-ին կազմել էր 737 միլիոն դոլար։ Ըստ 2025-ի տարեկան տվյալների՝ փոխադարձ առևտուրն աճել է մոտ 4.2%-ով և կազմել 768.1 մլն դոլար, որից 88.2 մլն-ը՝ արտահանում, իսկ 679.9 մլն-ը՝ ներմուծում։
Ի տարբերություն Վրաստանի՝ Իրանի դեպքում «ծագման երկրի» և «արտահանող երկրի» տվյալների տարբերությունը փոքր է, քանի որ Իրանը Հայաստանի համար հիմնականում տարանցիկ ուղղություն չէ, և առևտուրը գերակշռաբար վերաբերում է իրանական ծագման ապրանքներին։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 2018-ի համեմատ թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է։ Եթե 2018-ին Վրաստանի հետ առևտուրը (ըստ ծագման երկրի) կազմում էր շուրջ 139 մլն դոլար, ապա 2025-ին այն հասել է 279 մլն դոլարի։ Իրանի պարագայում 2018-ի շուրջ 363 մլն դոլարի ցուցանիշը 2025-ին դարձել է 768 մլն դոլար՝ ավելի քան կրկնապատկվելով։
Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտուրն արձանագրել է զգալի աճ։ 2018-ի համեմատ ընդհանուր առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 2.9 անգամ՝ 7.4 մլրդ դոլարից 2025-ին հասնելով 21.4 մլրդ դոլարի: Արտահանման աճն ավելի արագ է եղել․ այն 2.4 մլրդ դոլարից աճել է մոտ 3.5 անգամ՝ կազմելով շուրջ 8.4 մլրդ դոլար։
The post Հարևանների հետ առևտրի թիրախները. 2018-ից կրկնվող խոստումներն ու իրական պատկերը appeared first on CIVILNET.