«Այս հեռացումները պայմանավորված չեն իրավիճակի ողբերգականությամբ… Ամեն օր մենք լսում ենք բարբարոսական սպանությունների մասին, այն մասին, թե որքան զենք կա այս երկրում, եւ որքան ատելություն: Եվ եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզենար լուծել այդ խնդիրը, ապա բոլորովին այլ քայլերի կդիմեր: Իսկ ինչու միայն փոխոստիկանապետերին պաշտոնանկ արեց, նախարարն, օրինակ` նկատողություն ստացե՞լ է, չէ՞ որ նախարարը կառավարիչ է, պետք է կարողանար ճիշտ կառավարել »,-«Հայելի» ակումբում նշեց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ոստիկանապետի երեք տեղակալների պաշտոնանկ արվելուն:
«Այսօր լսեցի, որ ԿԳՄՍ նախարարն է գրառում արել, թե նախընտրական շրջանում փորձում են թիրախավորել այդ ոլորտը, եւ բարեկամաբար խորհուրդ է տվել չզբաղվել դրանով: Պետք է նկատել, որ դպրոցներում վիճակն այնքան էլ փայլուն չէ, դաստիարակության գծով մենք սարսափելի խնդիրներ ունենք:
Եթե 15-17 տարեկան տղաները կարող են գրկել մեկին ու դանակի 5-7 հարվածներ հասցնել, ուրեմն ինչ-որ բան տեղի է ունենում, եւ այս իրավիճակում այդ 3 մարդկանց պաշտոնները դարձնել խորհրդականի, օգնականի, իհարկե նվաստացում է, բայց ամենակարեւորը հարցի առավել բարդացում է: Եվ որտեղից է Նիկոլ Փաշինյանը գտնելու այդքան հավատարիմ մարդկանց, դա էլ դժվար է ասել: Նա իշխանության պահպանման խնդիր ունի, դրա համար էլ փոխվում են գործողությունները, հռետորաբանությունը»,- նշեց Դիլբարյանը:
Ինչ վերաբերվում է Ռուբեն Ռուբինյանի սպառնալիքին՝ ուղղված տեր Օշինին եւ ընդհանրապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ականների գործողություններին, այս մասին էլ Նարինե Դիլբարյանը նշեց. «Լինել պաշտոնյա, չի նշանակում, որ կարելի է մարդկանց սպառնալ: Կուզենայի փաստել, որ առայսօր ամենախոշոր արշավը, որում պարտվել է Նիկոլ Փաշինյանը 2018-ից հետո, դա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սանձազերծած արշավն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: