Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները քննադատել են Միացյալ Թագավորությանը՝ երկու իշխանամետ հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։ Կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Իրակլի Կիրթխալիան հայտարարել է, որ «շուտով Մեծ Բրիտանիայից ոչ «Մեծ»-ը կմնա, ոչ էլ «Բրիտանիա»-ն»։
Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Imedi և POSTV հեռուստաընկերությունների նկատմամբ՝ դրանք ներառելով «ռուսական ապատեղեկատվությանը ներգրավված կառույցների» ցանկում և մեղադրելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման վերաբերյալ «միտումնավոր մոլորեցնող տեղեկատվություն» տարածելու մեջ։
Նոր ընդլայնված պատժամիջոցների ցանկում, ըստ երևույթին, միայն այս երկու լրատվամիջոցներն էին ներառված մեդիա կառույցների շարքում։
Պատժամիջոցների հասցեին քննադատություն հնչեցրել են նաև երկու հեռուստաալիքները։ Imedi-ն հայտարարել է, որ «բրիտանական պատժամիջոցները որևէ արժեք չունեն»՝ մեղադրելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությանը աջակցելու մեջ, այդ թվում՝ ՄԱՇ-ի իշխանության օրոք կուսակցության գրասենյակների վրա իրականացված հատուկ գործողությունից հետո։
Imedi-ն հավելել է, որ «Imedi TV-ի համար միակ արժեքավոր գնահատականը վրացի ժողովրդի վստահությունն է»։
Կարճ ժամանակ անց պատժամիջոցները դատապարտել են նաև Վրաստանի կառավարության ներկայացուցիչները։
Կիրթխալիան, որը զբաղեցնում է «Վրացական երազանք»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը, կրկնել է կուսակցության հռետորաբանությունը, համաձայն որի մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ ՄԹ-ն, վերահսկվում են։ Այս համատեքստում նա մեջբերել է ՄԹ-ի կարճատև վարչապետ Լիզ Թրասին, որը նույնպես խոսել էր «խորը պետության» մասին։
Լոնդոնին մեղադրելով «այլ երկրի խոսքի ազատությանը միջամտելու» մեջ՝ Կիրթխալիան նշել է, որ ՄԹ-ն ավելի լավ կանի զբաղվի իր սեփական խնդիրներով, այդ թվում՝ «վերջին տարիների տնտեսական լճացմամբ և միգրացիոն ամենածանր մարտահրավերներով»։
«Իրադարձությունները զարգանում են այնպես, որ մեծ հավանականությամբ շուտով Մեծ Բրիտանիայից ոչ «Մեծ»-ը կմնա, ոչ էլ «Բրիտանիա»-ն, ինչի համար մենք առանձնահատուկ մտահոգություն և ափսոսանք ենք հայտնում»,- հավելել է նա։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես արձագանքել է պատժամիջոցներին՝ դրանք անվանելով «ծիծաղելի» և «խայտառակ»։ Նա պնդել է, որ Միացյալ Թագավորությունում «ո՛չ լրատվամիջոցների ազատությունն է գնահատվում, ո՛չ էլ մյուս հիմնարար մարդու իրավունքները»։
«Այն իրավիճակը, որը ձևավորվել է այսօր եվրոպական բյուրոկրատիայի շրջանակներում, պարզապես ողբերգական է»,- հավելել է նա։
Հարցին, թե ինչպիսին կլինի հեռուստաալիքների ապագան պատժամիջոցներից հետո, Կոբախիձեն ընդգծել է, որ «բոլոր պետական ընկերությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները, իհարկե, պետք է շարունակեն համագործակցել երկու հեռուստաալիքների հետ»։
ՄԹ-ն երկու կառույցների նկատմամբ կիրառել է նույն երեք տեսակի պատժամիջոցները՝ «ակտիվների սառեցում, վստահության կառավարման ծառայությունների նկատմամբ սահմանափակումներ և տնօրենների պաշտոնավարության արգելք»։ Սա նշանակում է, որ ՄԹ-ում ընկերություններին պատկանող բոլոր ակտիվներն ու գույքը կսառեցվեն, ՄԹ քաղաքացիների համար անօրինական կլինի ընկերությունների համար վստահության հիմնադրամներ ստեղծել կամ կառավարել, իսկ ընկերությունների ղեկավարներին կարգելվի ղեկավարել ՄԹ-ում գրանցված այլ ընկերություններ։
Դեռ պարզ չէ, թե պատժամիջոցներն ինչ ազդեցություն կարող են ունենալ երկու հեռարձակողների գործունեության վրա։ Սակայն երկրի երկու խոշորագույն բանկերը՝ TBC-ն և Bank of Georgia-ն, գրանցված են Լոնդոնի ֆոնդային բորսայում։
Բացի այդ, Վրաստանի ազգային բանկը 2023-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանը լիովին համապատասխանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի, ՄԹ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին։
OC Media-ն դիմել է Ազգային բանկին՝ պարզելու, թե ինչ քաղաքականություն է այն վարելու հեռուստաալիքների նկատմամբ պատժամիջոցների պայմաններում։ Բանկը դեռ չի պատասխանել և որևէ հրապարակային հայտարարություն չի արել։
Լոնդոնը նախկինում պատժամիջոցներ էր կիրառել մի շարք բարձրաստիճան ուժային պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի և ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցների, ինչպես նաև ազդեցիկ դատավորների, որոնց քննադատները հաճախ համարում են վրացական դատարաններում իշխանամետ «կլանի» առաջնորդներ։
The post Ըստ «Վրացական երազանք»-ի՝«շուտով Մեծ Բրիտանիայից ոչ «Մեծ»-ը կմնա, ոչ էլ «Բրիտանիա»-ն» appeared first on CIVILNET.